Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուզեք անվանեցեք,— բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ։ Տեսնում ես, գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին՝ տգեղ կին։ Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ։ Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին։ Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում։ Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ։ Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր։ Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը։ Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր։

Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի։

Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ։ Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տղամարդերից։ Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից, շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում։ Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար, ներս մտնելու իրավունք չուներ։ Մասիսյանը խստությամբ էր պահպանում այն պայմանները, ինչ որ վերաբերում էր ընտանիքի անմատչելիությանը կամ կանանց սեռի հեռու պահելուն օտար տաղամարդի հասարակությունից։

Բայց «խանա֊բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ։ Մինչև 12—15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ։ Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին։

Առաջին օրը,— մեծ պասի ավագ ուրբաթ երեկոյան,— երբ նրան տուն բերեցին, ռամիկ գյուղացու օտարոտի կերպարանքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ։

— Դա՞ է նոր բռնած ծառան,— հարցրեց տիկին Մարիամը