Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ. ահագին գլուխը միշտ սափրած էր լինում։ Մի մուգ-դեղին գույն, որ հատուկ է մոնղոլական ցեղերին, ներկել էր նրա այլանդակ դեմքը, մինչև անգամ ականջները, նույն դեղնությունը կարելի էր տեսնել և նրա աչքերի սպիտակուցի մեջ։

Պետրոս Մասիսյանը բացի զանազան տեսակ առևտրական ձեռնարկություններից, միևնույն ժամանակ էր մի նշանավոր վաշխառու ամբողջ գավառի մեջ։ Այդ գործունեության մեջ նա որոշվում էր մյուս վաշխառուներից նրանով միայն, որ չնայելով իր ահագին հարստությանը, նա երբեք մի խոշոր գումար միանգամով մեկին տոկոսով չէր տալիս, այլ բաց էր թողնում մանր գումարներ միայն, սկսած հինգ ռուբլուց մինչև հարյուր ռուբլի, և առավելապես հավատում էր գյուղացիներին։ Այս պատճառով նրա պարտականները անթիվ էին։ Մանր փոխառությունները այն նպատակով օգտավետ էր համարում նա, որ համ տոկոսը ծանր էր լինում, համ էլ, եթե կորչելու լիներ, մի մեծ բան չէր։ Իսկ գյուղացիներին հավատում էր, որովհետև գյուղացին նրա կարծիքով ռամիկ էր, ուրիշի փող ուտելը դեռ սովորած չէր. դրանց Մասիսյանը համարում էր իր «կաթնատու կովերը», և այդ էր պատճառը, որ տոկոսը նրա լեզվում կոչվում էր «կաթ»։

Ամեն անգամ, երբ մի գյուղացի հայտնվում էր նրա մոտ փողի համար, Մասիսյանը պետք է տեղեկանար նրա ամբողջ պատմությանը, թե ով է նա, ո՞ւմ որդին, ունի՞ արդյոք հայր, մայր, որդիներ, եղբայրներ, բաժանվա՞ծ են ապրում, թե միասին, ի՞նչպես է կոչվում յուրաքանչյուրի անունը, ի՞նչ կայք ունի և որտե՞ղ են գտնվում, կամ կառաջարկեր այս տեսակ հարցեր, թե իր կյանքում ի՞նչ տեսակ պարապմունքներ է ունեցել, ի՞նչ գործի մեջ հաջողվել է նրան, և ի՞նչ գործի մեջ վնասվել է, և կամ այդ փողը որ ուզում է, ի՞նչ բանի համար պետք է գործ դնե։ Երբ գյուղացին կհայտներ, թե այսինչ պետքի համար է, օրինակ, եթե ասելու լիներ՝ մի եզ պիտի առնեմ, նա կսկսեր եզան մասին հազարումեկ հարցուփորձ անել, թե նրա այսինչ հիվանդությունը ինչով է բժշկվում, ինչ ճար պետք է անել, երբ եզը թարմ առվույտ ուտելիս փորը ուռչում է, ինչ ճար պետք է անել «ղաբաղ» հիվանդության ժամանակ, եզան որ տեսակն է լավ լինում և այլն, և այլն։ Խաբել նրան և փող առնել՝ անկարելի էր, նրա հարցաքննությունից ամենաճարպիկ խաբեբան չէր կարող չկտրվել։

Մի երեկո հայտնվեցավ նրա տանը մի անծանոթ պարոն, ալեխառն մազերով, խորշոմներով պատած դեմքով, մաշված, բայց