Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատակը քարած չէր, այլ նույնպես հողից, որ միայն պնդացել էր մարդկանց ոտքերի տակ։

Չնայելով այս բոլոր բազմատեսակ զբաղմունքներին, Միքայելը դարձյալ ժամանակ էր գտնում, իր փոքրիկ դասագիրքը առնելով քաշվել տան մի խուլ անկյունում և լուռումունջ իր դասը սերտել։ Նա սաստիկ սեր ուներ կարդալ սովորելու և կարծես բնազդումով հասկանում էր, թե դա մի օր հարկավոր կլինի, բայց սովորում էր որպես մի արգելված բան։ Մասիսյանը ատում էր բոլոր կարդացողներին, և նրա ատելությունը ավելի սաստկացավ, երբ որդին, Ստեփանը, գիմնազիայից տուն դարձավ, երբ նրա մեջ գտավ մի հակառակորդ, որի հետ երբեք չէր կարող հաշտվել։

Միքայելը ընտրում էր միայն գիշերվա ժամերը ընթերցանության համար, երբ տան մեջ բոլորը քնած էին, երբ ոչ ոք նրան խանգարել չէր կարող։ Նրան բնակության համար տվել էին հին փայտանոցը, որ այժմ ծառայում էր որպես «խորթանոց», այսինքն՝ մի այնպիսի տեղ, ուր պահվում են տան անպետք կարասիներրը։ Այնտեղ կարելի էր տեսնել գործածությունից ընկած զանազան տեսակ անոթներ, ժանգոտած մեխեր, երկաթի կտորներ, կոտրած բահեր, բրիչներ, ատամները մաշված սղոցներ, ջարդված կժեր, կճուճներ, պատառոտած հին կոշիկներ, հողաթափներ, թոկի կտորներ, բամբակ գզելու մի ջարդված մեքենա,— այսպիսի և ուրիշ տեսակ անպետք բաներ, որ փտում էին փոշու և բորբոսի ներքո։

Այդ խուղը, առանց օդի և առանց լույսի, նմանում էր մի մեծ հավաբնի, որ մի նեղ ծակ միայն ուներ, որ ծառայում էր որպես մուտք, և որտեղից ներս մտնելու համար նրա փոքրիկ բնակիչը պետք է բավական թեքեր իր մեջքը։ Այնուամենայնիվ, Միքայելը գոհ էր իր բնակարանով, որովհետև առանձին էր։ Թեև նրա մեջ գտնված մթերքը այնքան շատ տեղ էր բռնել, որ Միքայելի համար մնացել էր մի անձուկ անկյուն միայն, որը նա մաքրելով և սառն խոնավ հատակի վրա մի կտոր հասիր տարածելով, այնտեղ պառկում էր։ Նրա դոշակը այդ կոշտ և խարտոցի նման հյուսված հասիրն էր, որ սաստիկ ցավեցնում էր կողքերը․ նրա բարձն իր հագուստն էր, որ հանում էր, ծալում էր և դնում գլխի տակը․ նրա վերմակր աղայի հին քրքրված մուշտակն էր, որ հայտնի չէր, թե ինչ ժամանակներից էր մնացել, և որի վրա մազերի հետքերը մի քանի տեղ միայն երևում էին։ Այդ ողորմելի անկողնի մեջ պառկում էր նա, քնում էր խորին, հանգիստ քնով, որովհետև միշտ հոգնած էր լինում։