Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չմտավ իր սենյակը, այլ նստեց «իշոտիքի» վրա, որ դրած էր ընկուզենու հովանու տակ, և պահանջեց սառը ջուր, որ զովացնե իր ծարավը։ Միքայելը իսկույն կատարեց նրա հրամանը և կանգնեց աղայից փոքր ինչ հեռու ոտքի վրա, սպասելով, չունի՝ արդյոք մի ուրիշ բան ևս հրամայելու։

— Կանչիր այստեղ խանումին,— դարձավ նա դեպի Միքայելը։

Քանի մի րոպեից հետո տիկին Մարիամը հայտնվեցավ իր ամուսնի մոտ, նա ևս Միքայելի նման կանգնած, սպասում էր լսել նրա հրամանը։ Աղան նշան արեց, որ նստե։ Տիկինը տեղավորվեցավ նրա մոտ «իշոտիքի» վրա։ Աղան հայտնեց Մոսկվայի նամակի բովանդակությունր և կամենում էր լսել իր «խանումի» կարծիքը, թե ումը հարմար էր ուղարկել։ Տիկին Մարիամին խիստ զարմացրուց այս մտերմությունը, որովհետև իր ամուսնական կյանքում այդ առաջին անգամն էր, որ աղան խորհրդակցում էր նրա հետ, այն ևս մի այնպիսի առարկայի վրա, որ բոլորովին անծանոթ էր իրան։

— Այդ ձեր գիտենալու բանն է,— պատասխանեց տիկինը,— ումը որ լավ եք համարում, ուղարկեցեք։

Միքայելը, որ հեռվից լսում էր նրանց խոսակցությունը, որ վաղուց առիթ էր որոնում իրան առաջարկելու, վստահությամբ մոտեցավ և ասաց.

— Ինձ ուղարկեցեք, աղա։

Աղան խոժոռ կերպով նայեց նրա վրա, ուզում էր բարկանալ, բայց ակամայից ծիծաղեց։

— Դու ի՞նչ գիտես, որ ուղարկեմ, լակոտ։

— Ես համ հայերեն, համ ռուսերեն գրել, կարդալ և խոսել գիտեմ,— պատասխանեց նա մի առանձին ինքնավստահությամբ:

— Դո՞ւ... դու ե՞րբ սորվեցար։

— Սորվեցա... ինձ ու ինձ սորվեցա... — ասաց նա, վախենալով հայտնել իր վարժապետի, Ստեփանի անունը։

Թե՛ տիկինը և թե՛ աղան երկուսն էլ մնացին զարմացած, Մասիսյանի տան մեջ ոչ ոքին հայտնի չէր, թե նա կարդալ գիտեր: Եվ իսկույն տիկնոջ գլխումը ծագեց այն միտքը, որ վաղուց նրան տանջում էր, որ ցանկանում էր Միքայելին առժամանակ հեռացնել իր տնից, վախենալով, մի գուցե Հռիփսիմեի հետ պատահեր այն, ինչ որ պատահեց իր աղջիկներից մեկի, Սոնայի հետ, որը սիրահարվելով