Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբերություն անցյալի և ներկայի մեջ, հովիվ Կալոյի և բորսայի հերոս Միքայելի մեջ։

Մի երեկո հայտնվեցավ նրա մոտ Ստեփանը, որ բերում էր իր հետ մի ահագին կապ գրքերի. նա դրեց սեղանի վրա իր բեռը և ընկավ բազկաթոռի մեջ։ Պատանին սաստիկ հոգնած էր երևում, բայց նրա գունաթափ դեմքը փայլում էր ուրախությամբ։ Միքայելը պատմեց նրան, թե ինչ պատասխան ստացավ աղայից իր ռոճիկի մասին։

— Ես ուրիշ կերպ չէի սպասում,— պատասխանեց Ստեփանը արհամարհանքով,— այդ ոչինչ, մոտ եկ, քեզ ցույց տամ, թե ինչ գրքեր են դրանք։

Միքայելը մոտեցավ գրասեղանին և աշակերտի հետաքրքրությամբ սկսեց նայել գրքերի վրա։

— Դրանից,— ցույց էր տալիս Ստեփանը թերթելով գիրքը,— դու կծանոթանաս ֆինանսական և բանկային գործառնության հետ այդ մյուսը քեզ կծանոթացնե զանազան տեսակ հում բերքերի հետ։ Որ արդյունաբերվում են այլևայլ երկրներում, իսկ այդ երրորդից կծանոթանաս գործարանների և առհասարակ գործարանական արհեստագործության հետ։ Բայց այդ չորրորդը` մի գեղեցիկ վեպ է` կարդա՛, երբ կձանձրանաս առաջիններից` դա կկրթե քո հոգին և ճաշակը։

Միքայելը ուրախ-ուրախ վեր էր առնում դեռ չկտրված գրքերը, նայում էր և կրկին դնում գրասեղանի վրա։

— Մոռացա ասել քեզ,— շարունակեց Ստեփանը,— ես արդեն թույլտվություն ստացա քո մասին, որ իբրև ազատ լսող դու կարողանաս հաճախել այստեղի առևտրական դպրոցը, շաբաթը երկու անգամ, ժամանակ կունենա՞ս։

— Շաբաթը երկու անգամ,— կրկնեց Միքայելը մտածելով,— ինչու չէ, ժամանակ կունենամ։

— Շատ գեղեցիկ, ուրեմն ես էգուց առավոտյպն կգամ քեզ կտանեմ և կհանձնեմ դպրոցի տեսչին։

Նա վեր կացավ։

— Ցտեսություն, առավոտյան ութ ժամին քեզ մոտ կլինեմ։

— Ո՞ւր ես շտապում, մի փոքր սպասիր, իսկույն թեյ կտան,— խնդրում էր Միքայելը։

— Չեմ կարող, ինձ մի քանի տեղ ևս պետք է անցնել:

Նա հեռացավ։

— Որքա՜ն բարի է նա,— մտածում էր Միքայելը Ստեփանի