Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռանալուց հետո,— բայց որքան բարի է, այնքան էլ հպարտ է։ Ես ձրի չպիտի ընդունեմ նրա բարերարությունը, մեր երկուսի վիճակը շատ նման է միմյանց. նա փողի աղքատ է, իսկ ես—կրթության։ Պետք է լրացնենք մեկս մյուսի կարոտությունը, եթե նա ինձանից ոչինչ ծառայություն չի ընդունի, դրանով կվիրավորե ինձ և առիթ կտա ինձ ևս չընդունել այն հոգատարությունը, որ նա ունի իմ մասին։ Բայց ի՞նչ եղանակով օգնել...

Վերջին հարցը Միքայելին մտատանջության մեջ ձգեց։ Նա չէր ցանկանում անազնիվ լինել, եթե ոչ շատ հեշտ էր ամեն տարի մի չորս կամ հինգ հարյուր ռուբլի տալ Ստեփանին և այնպես անցկացնել Մասիսյանի հաշիվների մեջ, որ նա ոչինչ չհասկանար։ Բայց կամենում էր իր սեփական փողից տալ և այդ փողը նա չուներ։ Նրա ռոճիկը, որպես նրա անձը, աղան ցանկանում էր իր ձեռքում պահել։

— Ես պետք է ցույց տամ այդ հիմար ծերուկին, որ նրա տված ռոճիկի կարոտություն չունեմ, որ ես ուրիշ կերպով էլ կարող եմ փող վաստակել,— մտածեց նա և մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել մի նամակ։

Միքայելը Մոսկվայի բիրժայի վրա այնքան անուն, այնքան վարկ և հավատարմություն էր ստացել, որ վաճառականներից շատերը, որոնք այնտեղ գործակատարներ չունեին, առաջարկում էին նրան կոմիսիոնով զանազան հանձնարարություններ կատարել: Նա հաշվում էր, որ այս կերպով կարող էր բավական գումար վաստակել, բայց որպեսզի իր աղայից ծածուկ չմնա, հայտնեց նրան նամակով։

Այս նամակի ոճը և մտքերի արտահայտության ձևը այլևս չէին պայմանավորվում ծառայողի երկչոտ և խոնարհական ոգու ներշնչությամբ, նա բովանդակում էր իր մեջ ազատ և անկախ մարդու խոսքը։ Միքայելը հայտնում էր, թե ամեն կողմից իրան առաջարկում են զանազան առևտրական հանձնարարություններ կոմիսիոնով, թե ինքը կարող էր բոլորի պահանջներին բավականություն տալ առանց Մասիսյանի գործի ընթացքը թուլացնելու կամ նրա շահերին վնասելու։ Գոյացած արդյունքի մասին նա հայտնում էր, թե մի մասը ինքը կվերառնի, որպես իր աշխատության վարձատրություն, իսկ մյուս մասը կմտցնի Մասիսյանի հաշվի մեջ, որպես նրա օգուտը։ Նամակը վերջացնում էր, ավելացնելով, եթե աղան կընդդիմանար իր այս ձեռնարկությանը, այն ժամանակ ինքը