Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևիցե օգուտ չեն սպասում, և ամեն բանի վրա նայում են առևտրական կետից։

Միքայելը, որ նույն րոպեում խիստ գրգռված դրության մեջ էր գտնվում, վեր բարձրացավ դիվանից, որի վրա պառկած էր, և բավական տաք կերպով պատասխանեց.

— Գոնե այսքան գիտենային, գոնե օրինավոր առևտրականներ լինեին, բայց հավատացնում եմ ձեզ, որ այդ էլ չգիտեն։ Հին սերունդը ավելի լավ էր տանում իր առևտրական գործերը, քան թե նորը, որը զանազանվում է այսքանով միայն, որ իր հայրերի ասիական փափախի տեղ կրում է եվրոպական շլյապա, առանց եվրոպացու գլուխը ունենալու։ Հին սերունդը թեև տգետ էր, թեև խիստ սահմանափակ տեղեկություններ ուներ վաճառականության մասին, բայց գոնե այնքան հանդուգն չէր, որ առևտուր սկսեր իրանցից ավելի հմուտ ազգերի հետ. նա ընտրում էր այնպիսի ժողովուրդներ, որ իրանից ավելի տգետ էին և կարողանում էր խաբել նրանց։ Բայց նոր սերունդը այդ զգուշությունն էլ չունի և չնայելով իր տգիտությանը, սկսել է առևտուր անել ավելի վարժված և ավելի հմտություններ ունեցող ազգերի հետ (և ինչո՞վ կարող է մրցություն անել) և դրա համար էլ միշտ խաբվում է, միշտ կորցնում է։ Նա գործ ունի եվրոպացու հետ, առանց նախապես եվրոպացու խորամանկություններին տեղյակ լինելուն։

Միքայելի դատողությունները խիստ երևեցան, և նրա երիտասարդ հյուրերից մեկը պատասխանեց.

— Այսուամենայնիվ բացառություններ կան։

— Բացառությունները շատ աննշան են։ Եթե մնացել է մեր հայերի մեջ հարստություն, դա ըստ մեծի մասին հայրերի վաստակածն է. որդիքը չկարողացան պահպանել հայրերից ստացած ժառանգությունը։ Ես կարող եմ մատներով համբարել, թե քանի-քանի տներ սնանկացան այս մի քանի տարվա ընթացքում, սնանկությունը այնքան ավելի շուտ էր վրա հասնում, երբ որդիքը առևտուր էին սկսում ավելի քաղաքակրթված ժողովուրդների հետ. օրինակ, համարյա մեր բոլոր վաճառականները ոչնչացան, որոնք գործ սկսեցին Մարսելիայի և Մանչեսթրի հետ, իսկ Ռուսաստանում նրանք դիմանում են, և կարելի է ասել շահվում են, որովհետև ռուս վաճառականի հասկացողության աստիճանը չէ բարձրանում հայերից և մինչև անգամ ստոր է։

Միքայելի խոսակիցները մտածության մեջ ընկան, նրանք լսում էին բոլորովին իրանց համար նոր մտքեր։