Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենք, երբ տեսնում ենք հայ վաճառականի անկարեկցությունը դեպի տաճկաբնակ իրանց եղբայրների տառապանքները մահմեդական լծի ներքո։

Արդեն կես գիշերից անցել էր, երբ Միքայելի մնացած երկու հյուրերն էլ հեռացան, և նա մնաց մենակ։ Նա փորձ փորձեց իսկույն պառկել և քնել, բայց չկարողացավ․ մի հոգեկան խռովություն անհանգստացնում էր նրան։ Նա սկսեց լուռ անցուդարձ անել իր փոքրիկ սենյակի մեջ։ Նրա միտքը զբաղված էր նույն րոպեում Ստեփանով, այդ ոգելից և միշտ ծածկամիտ պատանին այժմ հանձն էր առել մի նպատակահարմար ձեռնարկություն, որին չէր կարելի չհամակրել։ Բայց ի՞նչու ծածուկ էր պահել իրանից, մտածում էր Միքայելը, միթե չէ՞ր հավատում իրան, մի՞թե ինքը արժան չէր նրա մտերմությանը։ «Ոչ, ոչ, նա ավելի հպարտ է, քան թե կարելի էր, նա խորշում է օգնող ձեռքից, որպես օձից... բայց իմ վերաբերությա՛մբ... դա վիրավորական է»...

Ե

Բնակարանը, որի մեջ կենում էր Միքայելը, բաղկանում էր երկու սենյակներից և մի խոհարանից, որ միևնույն ժամանակ ծառայում էր որպես մառան։ Սենյակներից մեկի մեջ ապրում էր մի գերմանացի աղքատ ընտանիք, իսկ մյուսի մեջ՝ Միքայելը։ Դա այն թշվառ ընտանիքներից մեկն էր, որ զրկվելով աշխատող ձեռքից՝ տան տղամարդից, ապրուստի հոգսը մնում էր հանգուցյալի կնոջ վրա։ Անբախտ այրիին փոքր չէր օգնում նրա չափահաս աղջիկը, աշխատասեր Իդան, որոնք բացի իրանցից պետք է կերակրեին երկու փոքրիկ երեխաներ։ Ընտանիքի հայրը դերձակ էր, որի մեռնելուց հետո նրա ամբողջ խանութը վաճառվեցավ պարտքի փոխարեն։ Իդան կարեր էր վեր առնում մի ֆրանսիական մոդնի մագազինից և մոր հետ միասին կարում էին։ Միքայելի, որպես «տնվորի», կենակցությունը մեծ մասով թեթևացնում էր խեղճ ընտանիքի տնտեսական ծանրությունը, և այս պատճառով նրա վրա լավ խնամք էին տանում, տալով մի առանձին կահավորված սենյակ, կերակուր և սպասավորություն։

Մի առավոտ Միքայելը, գրասեղանի մոտ նստած, շտապով նամակներ էր գրում փոստային հասցնելու համար, Իդան սուրճ