Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քահանան, շարժված կրոնական զգացմունքով, պատասխանեց.

— Իմ տերը փշյա պսակ կրեց, իսկ նրա ծառան սիրով կընդունի պղնձե թասը...։ Բայց միտքդ բեր, աղա, որ վերևումը աստված կա, որն այս բոլորը տեսնում է, որ մեր ամենիս տերն է. նա անպատիժ չի թողնի այն մարդուն, որը թափում է անմեղ արյուն: Ինչո՞ւ ես իզուր տանջել տալիս մեզ։ Իմ ընկերները սուտ չասացին, վանքումը ուրիշ ոչինչ չէ մնացել. ինչ որ կար, բոլորը տվեցինք ձեզ։ Բոլոր գաղտնի պահարանները բաց արեցինք ձեր առջև։ Եվ դուք այնքան անգութ եղաք, որ Բարդուղիմեոս առաքյալի սուրբ գերեզմանն էլ քանդեցիք, կարծելով թե այնտեղ գանձ կա թաքցրած։ Ինչ որ կար տարավ Ջալալեդդինը, նրանցից հետո տասն անգամից ավելի քրդերը մտել են այս վանքը... դուք վերջինն եք...:

— Սո՛ւտ ես խոսում, կեղծավոր շո՛ւն,— գոռաց գազանը.— բերե՛ք թասը։

Քրդերից մեկը ունելիքով դուրս հանեց կրակի միջից կարմրած թասը. քահանայի ալեզարդ գլուխը բաց արին, և պատրաստվում էին հրաշեկ արախչինը նրա գլխին դնել։ Աստուծո սեղանի սպասավորը նահատակի համբերությամբ սպասում էր բարբարոսական գործողությանը։ Նա անմռունչ էր և լուռ, միայն նրա շրթունքները շարժվում էին, և օրհասական տագնապի մեջ խուլ կերպով աղոթում էր...։

Հանկարծ որոտացին ատրճանակներ, և սուրբ տաճարը վառոդի ծխով լցվեցավ։ Սարսափը տիրեց բոլորի վրա։ Քրդերից մի քանիսը գլորվեցան, ընկան, իսկ մյուսներին բռնեցին զորեղ բազուկներով և սկսեցին կապկապել։ Այս բոլորը կատարվեցավ մի քանի րոպեում և խորին լռության մեջ։ Միայն քահանայի ձայնն էր լսելի լինում, որ ասում էր.

— Ի սեր աստուծո, մի՛ սպանեք, թողեք, ինչ որ կամենում են թո՛ղ անեն մեզ հետ. դրանց ձեռք մի՛ դիպցնեք. կկոտորեն հայերին...։

Ողորմելի քահանան, թեև չգիտեր, թե ովքեր էին այն հանկարծահաս փրկիչները, բայց վախենում էր, որ հայոց վանքի տաճարում կատարվելով այսպիսի սպանություններ, տեղային քուրդերի վրեժխնդրությունը կհրավիրեին ամբողջ հայերի վրա,— թեև քրդի սրտում մի այսպիսի կասկած երբեք ծնվել չէր կարող, թե երկչոտ հայր կարող է մարդ սպանել...։

Նոր եկավորների երեսները բոլորովին կապած էին, միայն