Բայց գտնվեցան այնպիսիները, որ աշխատում էին հավատացնել, թե այդ բոլոր լուրերը սուտ են, թե ոչինչ պատրաստություն պետք չէ։ Թե ի՞նչ նպատակով այդ դավաճանները աշխատում էին մեզ անպատրաստ վիճակի մեջ պահել թշնամուն հանդիպելու ժամանակ, այդ ես չեմ կարող ասել, դուք, իհարկե, վերջը կտեղեկանաք, գեներալ, միայն այսքանը կասեմ, որ հայը եղել է միշտ հավատարիմ և կլինի։
Որպես երևում էր, երիտասարդի պատմության մեջ կային այնպիսի կետեր, որ նա դժվարանում էր պարզապես արտահայտել։ Գեներալը ընդմիջեց նրա խոսքը, ասելով.
— Դու այն պատմիր, թե ինչ արեցիք քրդերի գալուց հետո։
— Երբ քրդեր եկան, Շտոկվիչը մի քանի անգամ անհաջող կռիվներից հետո, շտապեց ամրանալ բերդի մեջ, նրան պահպանելու համար։ Միլիցիայի մի մասը մնաց դրսում, որովհետև բերդի մեջ ոչ այնքան տեղ կար և ոչ պաշար բոլորի համար։ Մեր ընկեր թուրք կամավորներից ոմանք փախան Իգդիր և ոմանք Պարսկաստանի կողմերը։ Իսկ մենք, հայերս, վճռեցինք կամ կոտորվել, կամ քաղաքը չտալ թշնամու ձեռքը։ Թեև մենք փոքր էինք թվով, բայց քաղաքի հայ բնակիչներից շատերը պատրաստ էին միանալ մեզ հետ: Այդ խեղճերը գիտեին, թե ի՞նչ վիճակ է սպասում իրանց, երբ թուրքերը կրկին կտիրեին Բայազեդին։ Ձեզ հայտնի է, գեներալ, թե հայերը ո՞րպիսի ուրախությամբ ընդունեցին ռուսաց հաղթական զորքերին, երբ նրանք առաջին անգամ մտան այդ քաղաքը։ Հայերի մի այսպիսի համակրությունը չէին կարող մոռանալ օսմանցիք, և իրանց վրեժխնդրությունը պետք է թափեին այդ ժողովրդի վրա, որ ավելի բարվոք էր համարում հպատակել ռուսաց արծվին, քան օսմանցոց կիսալուսնին...
— Դու դարձյալ հեռանում ես հարցից,— երիտասարդի խոսքը կտրեց գեներալը,— դու այն ասա՛, թե ի՞նչպես վերջացավ գործը։
Երիտասարդը զսպելով իր շատախոսությունը, որ հառաջ էր գալիս նրա սրտի վրա ծանրացած, տխուր անցքերի տպավորություններից, շարունակեց.
— Գուցե մեզ կհաջողվեր տեղային բոլոր հայերի հետ միանալով, ազատել քաղաքը, եթե առաջուց կտային նրանց բավականաչափ զենքեր։ Բայց զենքեր չստացան նրանք։ Այնուամենայնիվ, շատերը միացան մեզ հետ։ Կռիվը սկզբում, ճշմարիտ ասած, փառավոր էր։ Մի փոքրիկ խումբ պատերազմում էր թվով անհամեմատ