ուժի դեմ։ Մեզ հետ մասնակցում էին կռվում և մի քանի հարյուր թուրք կամավորներ։ Բայց հանկարծ տեսանք, որ մեր մահմեդական ընկերները թողեցին կռվի դաշտը և սկսեցին փախչել։ Կարծես նրանց շատ ախորժելի չէր գնդակներ արձակել իրանց կրոնակիցների դեմ... Մենք, հայերս, մնացինք մենակ և երկար համառությամբ պաշտպանվում էինք։ Այդ տևեց մի քանի ժամ, մինչև մեր հրազենների պաշարը սպառվեցավ։ Այն ժամանակ սկսվեցավ ձեռնամերձ կռիվը։ Շատերը ընկան, շատերը գերի բռնվեցան, և մնացածները, տեսնելով, որ ամեն ջանքեր իզուր են, թողեցին և փախան։ Այն ժամանակ թշնամին տիրեց քաղաքին։
— Հասկանալի է...— ասաց ինքն իրան գեներալը և վերկենալով մոտեցավ մի փոքրիկ արկղիկի, և նրա միջից դուրս բերելով մի խաչ, իր ձեռքով կախեց երիտասարդի կուրծքի վրա, ասելով.
— Դու արժանի ես դրան, ես կառաջարկեմ իշխանությանը, բացի դրանից, քեզ համար աստիճան և ռոճիկ։ Դու այսուհետև կմնաս ինձ մոտ, քեզ նման քաջերը պետք են ինձ։
Երիտասարդը շնորհակալությամբ գլուխ տալով, պատասխանեց.
— Այդ խաչը բավական է ինձ, գեներալ, դուք մեծ շնորհ արած կլինեիք, եթե հենց այս րոպեիս թույլ տայիք ինձ գնալ, ուր որ ես ցանկանում եմ։
Գեներալը զարմանալով երիտասարդի անփառասիրության վրա, հարցրեց.
— Ո՞ւր պետք է գնաս։
— Ազատելու մեկի կյանքը, որ ամեն բանից թանկ է ինձ համար...
— Դու, երևի, մի գաղտնիք ունես, ընկեր,— հարցրեց գենսրալը բարեսրտությամբ։
— Այո՛, այդ իմ սրտի գաղտնիքն է...
— Ուրեմն, ընդունիր այդ փոքրիկ ընծան, գուցե պետք կլինի քեզ,— ասաց գեներալը, տալով նրան թղթի մեջ փաթաթած ոսկիների մի ծրար։
— Ես մեծ պարգև կհամարեի, եթե շուտով կարձակեիք ինձ,— պատասխանեց երիտասարդը հրաժարվելով։
— Գնա՛, տերը թող քեզ հետ լինի,— ասաց գեներալը և սեղմեց երիտասարդի ձեռքը։
Նա գլուխ տվեց և հեռացավ։