Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց եթե գիտենայիք` ի՛նչ տեղեր եմ եղել... որտեղ չեմ եղել... այսօր ամբողջ քաղաքը չափել եմ...

Վերջին խոսքերն արտասանեց նա, երբ արդեն գտնվում էր սենյակի մեջտեղում և ձեռնոցներից մեկը դուրս էր բերել։ Շնորհալի կերպով մոտեցավ նա, նախ ձեռքը մեկնեց տան տիկնոջը և ապա Ալպինիային, հետո մոտ քաշեց բազկաթոռներից մեկը, անփույթ կերպով ձգվեցավ նրա վրա և սկսեց հանել մյուս ձեռքի ձեռնոցը։

— Լավ է, որ ոտներս լեզու չունեն, եթե ոչ, սաստիկ կբողոքեին իմ դեմ... Ո՜րքան տանջել եմ նրանց այսօր... բայց ոչինչ չհաջողվեցավ... բոլո՜րը ապարդյուն... բոլո՜րը իզուր...

Այդ պարոնը շատ անգամ հայտնվում էր Ելենայի տանը, և այն միշտ գիշերով, ու միշտ էլ արտահայտում էր միևնույն մաշված սրախոսությունը, թե զարմանում է, որ յուր ոտները չեն բողոքում և այլն։ Իրավ, նա շատ էր թափառում։ Կ. Պոլսի համարյա բոլոր ետ ընկած ակումբների և սրճանոցների նշանավոր հերոսներից մեկն էր նա։

Հասակն առած մարդ էր պարոնը, մոտ հիսուն տարեկան, բայց դեռ բավականին թարմ էր մնացած։ Նրա դեմքն այն անհամատասխան դեմքերից էր, որ ճերմակ մազերի հետ կրում է կարմիր այտեր այն զանազանությամբ միայն, որ այդ կարմրության մեջ նշմարվում էր բարակ երակների մի ամբողջ ցանց, որ լերդի գույն ուներ։ Կարմրությունը տարածվում էր և՛ պարանոցի վրա թե առջևի կողմից և թե հետևի կողմից։ Միջահասակ էր նա և մսուտ։ Երևում էր, որ յուր վրա առանձին ուշադրություն դարձնել գիտեր։ Թե զգեստավորության և թե սանրվածքի մեջ մի ամենափոքր սխալ չէր կարելի նկատել։ Ամբողջ մարմնով բուրում էր մուշկի խիստ նուրբ անուշահոտությամբ։ Ելենան սիրում էր այդ հոտը, և նա այցելելու ժամանակ միշտ այդ հոտը յուր հետ էր բերում։ Հարուստ ժառանգություն ստանալու բախտն ունեցավ նա և շուտով վատնելու դժբախտությունը։ Ամեն ինչ կորցրեց նա, մնացին միայն երիտասարդական սովորությունների մի քանի բեկորներ, որ ամենևին չէին պատշաճում նրա զառամյալ ծերությանը։

Ներս մտավ Էլիասը և ծուռը կերպով նայելով պարոնի վրա, գնաց, նստեց յուր տեղը, առանց ողջունելու։

Պարոնն իսկույն նկատեց, որ Ելենայի ուրախ հասարակության մեջ այս գիշեր ինչ-որ յուր կարգումը չէր։ Յուր լռությամբ ավելի ուշադրություն էր դարձնում յուր վրա մշտածիծաղ Ալպինիան։