Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարմիր թավիշով։ Զահրան տեղավորվեցավ գորգի վրա և թիկն տվեց բարձերին։

Մակույկը հեռացավ ափից, սկսեց լողալ դեպի առաջ։ Այդ միջոցին Զահրան ետ քաշեց երեսի քողը։

Գիշերային լուսնյակի ներքո Բոսֆորի խաղաղ մակերևույթը ներկայացնում էր որպես մթին հայելի, որի մեջ ցոլանալով երկնքի թագուհին, տալիս էր նրան մի խորհրդավոր, կախարդական փայլ։ Բեյը հմուտ ձեռքով երբեմն շարժում էր թիակները և թեթև մակույկը լողում էր, հազիվհազ օրորվելով։ Զահրան սեղմված էր յուր սիրելիի կողքին, գեղեցիկ գլուխը դրած ուներ նրա գրկում։ Նա լուռ էր, միայն արտասուքով լցված աչքերը հառած էին դեպի պարզ երկինքը և մտքով հափշտակված էր դեպի անցյալը, դեպի մոտավոր անցյալը։ Լինում էին գիշերներ, դարձյալ այդ մակույկի մեջ, գլուխը յուր սիրելիի կրծքին սեղմած, խոսում էր նա, խոսում էր, և խոսելուց չէր հագենում։ Սիրած տղամարդի քնքուշ փայփայանքները լինում էին նրա ջերմ խոսքերի պատասխանը։ Ցանկանում էին, որ այդ բախտավոր գիշերներն անվերջ լինեին, հավիտենականության չափ անվերջ լինեին, որ իրանք լիամասն կերպով վայելեին սիրո անվախճան բերկրանքը։ Արշալույսի վարդագույն շառավիղները, որ բոլոր արարածներին այնքան ուրախություն են պատճառում, ընդհակառակն, նրանց տխրեցնում էին, որովհետև լույսը կծագեր, խավարի վարագույրը կբարձրացներ, և գիշերվա ուրախությունը կխլեր իրանցից։ Իսկ այդ գիշեր լուռ էր Զահրան, լո՜ւռ, որպես ծածկամիտ Բոսֆորը։ Ապագան ներկայանում էր նրան որպես մի առեղծվածային անհայտություն, նույնքան մթին, նույնքան խորին, որպես անհատակ Բոսֆորը...

Լուռ էր և բեյը։ Զահրայի այժմյան տրտմությունն ավելի տանջում էր նրան։ Նա մտաբերում էր այն թանկագին ժամերը, երբ այդ ջրերի վրա, այդ մակույկի մեջ, զվարճանում էր Զահրան։ Այն ժամանակ օրիորդ էր Զահրան մի զվարթ, անհոգ, սիրաբորբոք օրիորդ։ Իսկ այժմ — մի տառապյալ մայր...

Բեյի սիրտն ավելի խոցվեցավ, երբ Զահրան ընդհատելով տիրող լռությունը, ասաց նրան.

— Դա՜ռն եղավ մեր սիրո պտուղը.. շա՛տ դառն...

Բեյը, փայփայելով նրա սիրուն գլուխը պատասխանեց.

— Սերը զոհեր է պահանջում, Զահրա, և դրա մեջն է նրա անսահման քաղցրությունը։

— Ես շատ զոհեցի,— ասաց նա վշտալի ձայնով,— զոհեցի