Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր իշխանական նավակների կացության համար: Երբ մակույկը բոլորովին մոտեցավ տախտակամածին, բեյը բռնեց Զահրայի ձեռքից, կանգնեցրեց նրան, հետո գրկելով դրեց տախտակամածի վրա: Այդ միջոցին մռայլ կերպարանքը մոտեցավ։

— Դու այստե՞ղ ես, Ֆե՛յրուզ,— հարցրեց բեյը։

— Այո, տեր իմ,— պատասխանեց սևամորթ աֆրիկացին, սպիտակ ատամները կրկին ցույց տալով։

— Ահա՛ քո տիրուհին, դարձյալ ողջ և առողջ քեզ եմ հանձնում,— ասաց բեյը ժպտալով։

Ֆեյրուզը Զահրայի արծաթագին ստրուկն էր և նրա ամենահավատարիմ սպասավորներից մեկը։

— Թո՛ղ իմ հոգին իմ տիրուհու ոտքի հողերին մատաղ լինի,— պատասխանեց պարզամիտ աֆրիկացին։

— Ի՞նչպես պետք է տանես...

— Երևի դռների բանալիները ինձ մոտ են. այնպես կտանեմ, որ սատանան էլ յուր քառասուն և մեկ աչքերով չի կարող տեսնել...

— Դու ուշանում ես,— ձայն տվեց Զահրան, և նրա ձայնը խեղդվեցավ սրտի սաստիկ խռովության մեջ։

Բայց սեղմեց յուր շրթունքներին նրա երկու ձեռքերը և բաժանվեցավ։ Ցատկելով մակույկի մեջ, խորին տխրությամբ սկսեց հեռանալ այն ապարանքից, որի հետ կապված էին նրա հոգու ամենաքաղցր հիշողությունները...

Թ

Կրկին դառնանք դեպի ընդհատված պատմությունը։

Օհանը յուր ազատած մանուկը պառավ «մարեին» պահ տալուց հետո, այդ հոգսից իրան բավական ազատ էր համարում: Նրան մնում էր` յուր հաշիվները վերջացնել սև խաչը կրող տիկնոջ հետ: Այդ էր պատճառը, որ պառավի խրճիթից դուրս գալուց հետո, նա կրկին եկավ նույն բնակարանը, որտեղ սև-խաչակիրն այնպիսի ճարպիկ խաբեությամբ նրան մոլորության մեջ ձգեց։ Բայց նա ավելի տեղեկություններ չկարողացավ ստանալ, որքան գիշերը հայտնեց նրան վերնահարկի լուսամուտից խոսող կինը։

Չգիտեր ի՞նչ աներ: Մտածեց գտնել յուր բարեկամ Ոսկանին, բոլոր անցքը պատմել նրան և լսել ծերունի համալի խորուրդները: