Նա շտապով գնում էր, երբ մտաբերեց, որ ամենևին փող չունի։ Գոնե կամուրջն անցնելու համար պետք էր մի քանի փարա ունենալ։ Յուր վաստակած արծաթը ծովեզրում քնած ժամանակ գողացան։ Սև-խաչակրից ստացած ղուռուշներն ինքը ծովը նետեց։ Այժմ փող չուներ։ Նա չուներ և մի այնպիսի բան, որ կարելի լիներ վաճառել։ Նայեց յուր վրա։ Բոլոր հագուստները մաշված էին: Բայց նա մոռացել էր յուր գլուխը։ Այնտեղ վառվում էր գեղեցիկ արախչինը։ Այդ նրա քրոջ ձեռքերի ճարտար գործն էր։ Երբ Օհանը պատրաստվում էր թողնել հայրենիքը, քույրը գույնզգույն թելերով նախշեց այդ արախչինը և դրեց եղբոր գլխին, իբրև հիշատակ յուր ջերմ սիրո։ Օհանը մտաբերեց քրոջ արտասուքը, մտաբերեց և նրա խոսքերը։ Բայց որքան էլ թանկագին լիներ այդ հիշատակը, այնուամենայնիվ, նա այնպիսի նեղ դրության մեջ էր, որ ստիպվեցավ խեղդել յուր զգացմունքները։ Վեր առավ արախչինը և արտասուքն աչքերում մոտեցավ մի փոքրիկ խանութի։
— Ա՛ռ այս, պարոն, և ինձ մի քանի փարա տուր,— ասաց նա հազիվ լսելի ձայնով։
Խանութպանը հայ էր և ծխախոտ վաճառող։ Նա աչքի տակից նայեց Օհանի երեսին և լրբությամբ հարցրեց.
— Ուղիղն ասա՛, մշեցի, գողացե՞լ ես, թե գտե՞լ ես։
Փոքր էր մնում, որ Օհանը յուր երկաթյա բռունցքներով պոլսեցու փափուկ կողքերը մի լավ շոշափեր, բայց կարիքը զսպեց նրա բարկությունը։
— Դու տեսնում ես, որ գլուխս բաց է,— ասաց նրան դողդոջուն ձայնով։
— Այդ ոչինչ չէ ապացուցանում,— պատասխանեց պոլսեցին ավելի լրբարար,— քո մարմնի շատ տեղերը բաց են...
Օհանը թքեց և հեռացավ։ Պոլսեցին սառնասրտությամբ սրբեց երեսի թուքը և սկսեց զարմացած կերպով նայել նրա հետևից։
Օհանը մի քանի քայլ հեռանալուց հետո կանգ առեց և սկսեց ուշադրությամբ աչք ածել յուր շուրջը։ Հրեա հնավաճառները, որ օրվա այդ ժամին վխտում էին փողոցներում, դժբախտաբար նրանք ևս չէին երևում։ Փողոցների դատարկությունը, խանութներից շատերի փակված լինելը, հիշեցրին Օհանին, որ օրը կիրակի էր։ Այդ ուրախացրեց նրան,— ուրախացրեց այն պատճառով, որ Ոսկանին գտնելու համար ոչ մաքսատուն և ոչ մի այլ հեռու տեղ գնալու պետք չուներ։ Նրան կարող էր գտնել հենց յուր եղած թաղում,