Հիվանդն առեց գդալը և դողդոջուն ձեռքով սկսեց ուտել։ Մարիամը բռնած ուներ մոր առջև կերակուրի ամանը։ Երբ նա վերջացրուց, օրիորդը տեսավ, որ կերակուրից բավականին մնացել էր։ Նա զարթեցրուց եղբորը, մտածելով, թե նա քաղցած էր քնած։ Սանդրոն՝ աչքերը ճմռելով բարձրացրուց գլուխը, նրա ուրախության չափ չկար, երբ տեսավ յուր առջև տաք կերակուրը։
— Բա՛ դու չե՞ս ուտելու,— հարցրուց Նիկոլը։
— Ես իշտահ չունեմ...— պատասխանեց Մարիամը
— Տո, ջուր կտրած, լսելի եղավ հիվանդի ձայնը, ի՞նչու ես մաշում քեզ, դու էլ որ հիվանդանաս, մեզ ո՞վ պիտի պահե...:
Օրիորդը ոչինչ չպատասխանեց։ Հիվանդը խորին կերպով ա՜խ քաշեց և թուլացած գլուխը թողեց բարձի վրա։ Մարիամը նստած էր վառարանի մոտ, նրա հանդեպ նստել էր Նիկոլը։ Սանդրոն դեռ վայելում էր յուր ընթրիքը։ Փոքրիկ Ցուցան, պոչը շարժելով, փաղաքշաբար պտուտ էր գալիս նրա շուրջը։ Պատանին ձգեց նրան մի կտոր ոսկոր, շնիկը գոհունակությամբ առեց անուշ պատառը, հեռացավ դեպի յուր նվիրական անկյունը և սկսեց յուր մանրիկ ատամներով կրծոտել նրան։
Մի քանի րոպեից հետո լսելի եղավ հիվանդի խռմփոցը։
— Նա քնեց,— ասաց Մարիամը, և յուր տեղից վեր կենալով, մոտեցավ մորը, ծածկեց նրան ամեն կողմից, որ չմրսե, և կրկին վերադարձավ յուր առաջին տեղը։
Վառարանի մեջ հազիվ պլպլում էին մի քանի կիսավառ ածուխներ։ Խրճթի խավարը հետզհետե թանձրանում էր։ Մարիամն ավելցրուց մի քանի կտոր փայտ, կրակը բորբոքվեց և սենյակի տխուր պատկերները կրկին նկարվել սկսան նրա աղոտ լուսով։
— Դու ո՞ւր էիր, Նիկոլ,— ընդհատեց Մարիամը նրանց մեջ տիրող լռությունը։
— Բազարումն էի, Մաշո,— պատասխանեց Նիկոլը,— մեկ մարդից մի սնդուկ լիմոն ունեի առած, աշխատում էի ծախեմ, որ փողը տամ։
— Հետո տվեցի՞ր։
— Տվի. թե չէի տվել, վա՜յ իմ հալին, կոտը կընկնեի, գիտե՞ս։
— Մի սնդուկ լիմոնո՞վ։
— Բա՛ ի՞նչքանով, իմ թանխեն ընդամենը հինգ մանեթ է։
— Շա՜տ փող ես ունեցի, Նիկոլ, հինգ մանե՜թ...— զարմանալով կրկնեց Մարիամը։