մարդկանց համար, ուր կարելի է ամեն տեսակ բամբասանքներ լսել, նարգիլե ծխել, ղահվե խմել, սափրիչի «փուսկուլու չոջուխների» վրա նայել,— և այդ բոլոր բավականությունն արմե մի քանի փարա։ Բայց Օհանը ոչ ղահվե պահանջեց և ոչ նարգիլե, նա խնդրեց, որ խմելու ջուր տան իրան։
Սափրիչը, ինչպես վերևում հիշեցինք, վանեցի էր։ Թուլամորթ վանեցին Պոլիս գալով կամ բաղնիքներում է ծառայում, կամ, եթե մանկահասակ է, թուրք աստիճանավորների տներում «էյվազություն» (սպասավորություն) է անում, կամ սափրիչ է դառնում։ Իսկ եթե ուրիշ գործ չէ գտնում, կամ Ազգային ժողովում երեսփոխան է դառնում և կամ մի թերթի աշխատակից։ Վերջին դեպքերում ևս նա սափրում է... Հինգ ղուրուշով մեկին ցեխի մեջ է կոխում, մյուսին ցեխից հանում:
Նա, մշեցու նման համալություն, թուլումբաջիություն (հրդեհաշեջություն), նավաստիություն չէ անում։ Դրանք պահանջում են մարմնական ուժ, տոկունություն և բնավորության զորություն, որոնցից զուրկ է վանեցին։
Մեր այժմյան սափրիչը, որի խանութը մտավ Օհանը, կլորիկ դեմքով, կլորիկ փորով, կլորիկ ձեռքերով ու ոտներով մի մարդ էր։ Խնամքով ածելած թշերը սոխի կեղևի նման փայլում էին կարմրությունից։ Նրա կազմվածքի մեջ ծայրեր չկային, ամեն անգամ կոլորված էր։ Այդ էր պատճառը, որ նա գնդի ձև էր ստացել։ Կլորիկ էին դեղնագույն աչքերը, որ փայլում էին երկու պղնձե կոճակների նման։ Կլորիկ էր հաստ թշերի մեջ կորած բերանը, որ մի փոքրիկ ծակի նմանություն ուներ և երբեմն բացվում էր, երբեմն կուչ էր գալիս։ Կլորիկ էին նրա խոսքերը, նրա ձայնը, որ կարծես մանր կոտորակների հատիկների նման դուրս էին թափվում բերանից։ Կլորիկ էր և՛ նրա ծիծաղը, որ կլորիկ քթի շուրջը բազմաթիվ բոլորակ գծեր խազելով, վերջն այդ գծերը, ալիքների նման փոքր առ փոքր սեղմվելով, անհետանում էին քթի ծայրից։ Նրա անդամների կլորությունը լրացնում էր կլորիկ հայելին, որ առջևի կողմից խրած ուներ հաստ գոտիի մեջ, և ամեն մի նոր հաճախորդ ներս մտնելու և նստելու միջոցին դուրս էր հանում, թևքի արմունկով սրբում էր, հետո տալիս էր նրա ձեռքը՝ յուր դեմքին նայելու։ Բացի այդ քաղաքավարությունից նա ուրիշ ոչինչ չէր շինում, միայն խոսում էր և յուր սրախոսությունների վրա ինքն էր ծիծաղում։
Հաճախորդների պետքերը կատարում էին նրա մանկահասակ