էր վերջին գարունը։ Այստեղ զառամյալ կյանքն սկսել էր կրկին մանկանալ: Վարդերը նորից բացվել էին և սպիտակ հասմիկը լցրել էր օդը յուր նուրբ անուշահոտությամբ։
Ոլորապտույտ ճեմելիքով, որի երկու կողմերը ցանկապատած էին խուզած մրտենիներով, անցնում էր մի պատանի։
Նա բավական վաղ մտել էր այդ պարտեզը, լսելու թռչունների առավոտյան տաղերգը։ Դանդաղ քայլերով ընթանում էր նա, երբեմն կանգ էր առնում մտախոհ կերպով նայում էր այս ու այն ծառի գեղեցկության վրա և կարծես ինքն իրան զարմանում էր. «այդ ո՛րտեղ եմ․․․»։
Այդ զարմանքը, այդ խորին հիացումը նույն բնավորությունն ուներ, որպես մի դժբախտ հանդիպում է վհուկների թագուհուն, որ խոստանում է նրան փառք և երջանկություն՛ հպեցնում է նրան կախարդական գավազանը, դժբախտը վերասլանում է մի անիմանալի հափշտակության մեջ և մի քանի վայրկյանից հետո աչքերը բաց է անում, իրան գտնում է փերիների աշխարհում, շրջապատված հավերժական երանությամբ...
Նույն դյութական ինքնամոռացության մեջ էր գտնվում պատանին, նույն զգացմունքները սքանչացնում էին նրան։
Գեղեցիկ էր նա և շնորհալի, և ավելի գեղեցիկ էր երևում նա՝ իրան միայն պատշաճավոր հագուստի մեջ։ Բնությունը ոչ մի թերություն չէր թողել, որքան կարելի է, վայելուչ կերպով կազմելու կյանքով լի մանկության այդ դեռահաս տիպարը։
Ո՞վ կարող էր նրա մեջ ճանաչել Օհանին։ Ո՞վ կարող էր նրա մեջ ճանաչել կոշտ, կոպիտ «չոփչիին», որ մի ժամանակ Ղալաթիայի փողոցներում, աղբի կթոցը շալակին, ողորմելի կերպով թափառում էր։
Ամեն ինչ փոխվել էր նրա մեջ։ Նրանում չէր մնացել վաղեմի գռեհկության ամենափոքր նշույլն անգամ։ Ամեն ինչ նոր կերպարանք էր ստացել, դեմքն ավելի գրավիչ էր դարձել, ձայնն ավելի փափկացել էր, շարժմունքն ու ձևերն ավելի նրբացել էին, ամեն ինչ փոխվել էր, անփոփոխ էր մնացել միայն նրա սիրտը յուր մաքուր պարզության մեջ։
Սափրիչի խանութում ծանոթացած վանեցին Օհանին բաց չը թողեց։ Որքան Օհանը խորշում էր, խույս էր տալիս նրանից, նա այնքան ավելի աշխատում էր կաշկանդել անփորձ պատանոուն լուր ճանկերի մեջ, մինչև հաջողվեցավ նրան՝ համոզել Օհանին, որ մի հարուստ փաշայի տան մեջ ծառայության մտնե։