— Ամեն բան ունեմ, նազելի տիկին, ինչ որ ձեր սիրտը ցանկանում է։
Նա հրամայեց յուր բեռնակրին արկղը ցած դնել և մինը մյուսի հետևից սկսեց ցույց տալ զանազան իրեղեններ։ Տիկինը ոչ այնքան գնելու նպատակով, որքան հետաքրքրության համար, զննում էր այդ գույնզգույն իրեղենները։ Օհանը, մի կողմում կանգնած, ուշադրությամբ նայում էր։
— Օրիորդ Զահրան մի բան գնե՞ց,— հարցրեց տիկինը։
— Ա՜խ, ի՞նչ եք հրամայում, նազելի տիկին,— պատասխանեց նա վշտալի ձայնով,— մի՞թե կարելի է մի բան հավանել տալ օրիորդ Զահրային։ Նա միայն չարչարել գիտե։ Պատվիրել էր շղարշ երեսի քողի համար։— «Լա՛վը, լա՛վը, ամենաընտիրը կբերես, հրամայեց ինձ,— և շուտ կբերես, առավոտյան շատ վաղ, որովհետև ուրիշ տեղ հյուր եմ գնալու...»։— Ամբողջ քաղաքը ման եմ եկել, ամենալավ տեսակները բերել եմ, դարձյալ չէ հավանում, ասում է.— «Այդ ի՞նչ է, դու ինձ խայտառակե՞լ ես ուզում, ինչպե՞ս կարելի է դրանով դուրս գալ...»։ Ի՞նչ պիտի անեմ, ջահել աղջիկ է, սիրտը նազուք է, խո չեմ կարող սիրտը կոտրել։ Հիմա պետք է գնամ ուրիշ տեսակները բերեմ և նրա ցանկությունը գոհացնեմ։
Տիկինը շարունակում էր գննել իրեղենները։
— Նայեցեք այդ ֆերուզային, նազելի տիկին, նայեցեք գույնը, փայլը, գեղեցկությունը,— հրաշալի՞ բան է։ Իսկական Խորասանի է։ Ուրիշները լինում են, բայց ներկած են լինում, սկսում է շուտով գույնը փոխել։ Բայց դա հավիտյան այդպես կմնա։ Մի դիպվածով ես ձեռք բերի այդ հազվագույտ քարը։ Սուլթանի պալատում անգամ դրա հատը չի գտնվի...
— Իմն ինչո՞վ է վատ դրանից,— ընդհատեց տիկինը, ցույց տալով յուր մատի գեղեցիկ ֆերուզան։
— Ա՛յ, ասեմ,— պատասխանեց շատախոսը յուր մատանին բռնեցնելով տիկնոջ մատանիփ հետ,— ձերը, նազելի տիկին, ավելի փոքր է, իսկ այդ ավելի խոշոր է, ձերը, նազելի տիկին, ավելի բաց գույն ունի, իսկ դա մանիշակագույն է, ձերը, նազելի տիկին...
Տիկինը դարձյալ ընդհատեց նրան, ծիծաղելով.
— Բայց դու այն չես ասում, որ քոնն ավելի տափակ ձև ունի, իսկ իմը գմբեթաձև է։ Ֆերուզայի այդ ձևն ամենաընտիրն է համարվում և շատ հազվագյուտ է լինում։