Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և իր ժամանակի ամենաբարձրահասակ տղամարդերի մոտ դարձյալ կարող էր իբրև հսկա ներկայանալ։ Որի ընդհակառակն, հեփեստիոնը միջակ հասակ ուներ, գունաթափ և հիվանդոտ դեմք։

Երկու երիտասարդները այն աստիճան սիրում էին միմյանց, որ նրանց մեջ բնակվում էր մեկ սիրտ, մեկ հոգի և մեկ կամք։ Չնայելով, որ նրանք երկու միմյանց հակառակ ազգությունների էին պատկանում, բայց գիտության գաղափարը եղբայրացրել էր սրանց։ Պրոերեսիոսը հայ էր, իսկ Հեփեստիոնը՝ հույն։ Երկուսն էլ ուսանողներ էին։

Պրոերեսիոսի հայկական անունը Պարույր էր․ ես էլ այս անունով պիտի կոչեմ նրան։

Հոգով միացած լինելով, երկու ուսանողները միասին բաժանում էին և իրանց դառն աղքատությունը։ Բացի մի վերարկուից և պատմուճանից, երկուսն էլ դրսում հագնելու համար ուրիշ հագուստ չունեին։ Այդ վերարկուն և պատմուճանը հերթով հագնում էին նրանք, երբ մեկը գնում էր դասախոսություն լսելու, իսկ մյուսը ստիպված էր տանը մնալ։ Հարևանների ծիծաղին չափ չկար, երբ հերթը Հեփեստիոնին էր հասնում, երբ փոքրիկ Հեփեստիոնը, կոլոլված բարձրահասակ Պարույրի վերարկուի և պատմուճանի մեջ, շտապում էր դեպի ճեմարան։

Տան տիրուհին, որը մի բարի արհեստավորի կին էր, շատ գոհ չէր երիտասարդ ուսանողներից։ Այդ դժգոհությունը առաջ էր գալիս ոչ թե այն պատճառից, որ նրանք ամիսներով իրանց բնակարանի վարձը վճարել չէին կարողանում,— այլ առավելապես նրանից, որ շատ անգամ, գիշերները, նրանց ստորերկրյա նկուղից լսելի էին լինում օտարոտի ձայներ, որպես թե մեկը ոգևորված, բորբոքված ճառախոսում է, իսկ մյուսը նրան նույնքան բորբոքված կերպով նկատողություններ է անում, կամ հարցեր է առաջարկում։ Ճառախոսություններր երբեմն տևում էին ամբողջ գիշերներ, և մինչև լույս անընդհատ կերպով թնդեցնում էին մթին նկուղի անձուկ մթնոլորտը։ Սնահավատ տան տիրուհին նրանց խելագարների տեղ էր դնում, կարծում էր, թե ոգիների հետ են խոսում, և միշտ տրտնջում էր, թե իր երեխաները վախենում են, և քնել չեն կարողանում։ Երիտասարդները թեև խոստանում էին, որ այլևս ձայն չեն բարձրացնի, բայց իրանց խոստմունքը կատարել չէին կարողանում։ Ոգևորությունը անզսպելի է։ Նրանք ճարտասանական մարզությունների ժամանակ միշտ մոռանում էին իրանց շրջապատը։