Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կայսրի նպատակները կարող են լինել` կամ ի նպաստ, կամ աննպաստ Հայաստանին, այսինքն նա կամ կցանկանա, որ Հայաստանի թագավորությունը պահպանվի, կամ կցանկանա, որ ոչնչանա և Հայաստանը Հռոմեական Կայսրության մի նահանգ դառնա: Ասացեք, խնդրեմ, դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե կայսրի նպատակը այդ վերջինը լիներ։

— Ես կթողնեի նրա կամքին։

— Իսկ եթե կայսրը ցանկանո՞ւմ է, որ պահպանվի Հայտստանը:

— Այն ժամանակ ես կմիջամտեի։

— Որքան գովելի է ձեր անկեղծ խոստովանությունը,— մեջ մտավ Հաշտենից իշխանը,— այնքան էլ պախարակելի է ձեր հաճոյամոլությունը կայսրին։ Եթե այսպես խոսեր մի հռովմայեցի, ես կգովեի նրա հայրենասիրությունը։ Եթե հռովմայեցին ասեր ինձ. ես կնայեմ իմ կայսրի ցանկությանը, եթե նա կամենում է. որ Հայաստանը միանա Կայսրության հետ, այն ժամանակ ես էլ նույնը կցանկանամ։ Իսկ եթե կայսրը ցանկանում է, որ Հայաստանը պահպանվի, ես էլ կցանկանամ, որ պահպանվի։ Հռովմայեցու մի այսպիսի դատողությունը ինձ չէր բարկացնի։ Բայց երբ այսպես խոսում է մի հայ, նա կորցնում է իմ աչքում իր բոլոր նշանակությունը, որքան էլ բարձր լիներ նա։

Հռետորը ամենևին չվիրավորվեցավ այդ կծու խոսքերից, նա չափազանց ներողամիտ մարդ էր։ Նրա սառն դեմքի վրա, կարծես կարդացվում էին այդ խոսքերը. «իզուր եք բարկանում, իշխան, ես ինչո՞վ եմ մեղավոր, որ դժբախտություն եմ ունեցել հայ ծնվելու»... Բայց այդ խոսքերը չասաց նա, այլ խիստ մեղմությունով պատասխանեց.

— Դուք բոլորովին սխալ հասկացաք իմ ասածը, իշխան, ավելի մեծ վստահությունով կբարեխոսեի կայսրի մոտ Հայաստանի համար, եթե հռովմայեցի լինեի։ Բայց իմ հայությունը իմ լեզուն կաշկանդում է։ Ես չեմ ցանկանում նրան դժվարին դրության մեջ դնել, թեև ես հաստատ գիտեմ, ինչ որ խնդրելու լինեմ, նա չի մերժի։ Բայց ես սովորություն չեմ ունեցել խնդրել նրանից այն բանը, որ ամենափոքր դժկամություն կարող էր պատճառել նրան: Ես ինձ թույլ չեմ տա դեպի չարը գործ դնել կայսրի իմ վերաբերությամբ ունեցած հավատն ու սերը։

— Այդ իրավացի կլիներ, եթե հարցը ձեր անձին կամ ձեր մասնավոր շահերին վերաբերեր, բայց այստեղ հարցը վերաբերրում