Ե
|
Աշնան փոթորկալից գիշերներից մեկն էր։ Կատաղի քամին մռնչելով պտտվում էր շինականների գետնափոր խրճիթների վրա և ցրիվ էր տալիս խոտի դեզերը, որ կիտած էին կտուրների վրա։ Երկինքը ամպամած էր, խավարը տիրում էր ամեն տեղ։ Բացի քամու աղմուկից, ուրիշ ձայն չէր լսվում։ Շներն անգամ այն գիշեր փախել, մտել էին իրանց ծակերը, և մի առանձին երկչոտությամբ սպասում էին, կարծես, աշխարհի կատարածին։
Դա Տարոն գավառի Խորնի գյուղն էր, որի փոքրիկ խրճիթներից մեկում յուղային ճրագը դեռ մարած չէր։ Այդ գետնափոր, ստորերկրյա բնակարանի խորշերից մեկում նստած էր մի ծերունի։ Քամին երբեմն ուժեղ հոսանքով ներս էր փշում երդիքից, և ճրագի լույսը ծածանվելով, տալիս էր ծերունու ալեզարդ դեմքին խորհրդավոր կերպարանք։ Նա միայնակ էր։ Նրա շուրջը, նույն կոշտ օթոցի վրա, ուր նստած էր նա, անկանոն կերպով դրած էին զանազան հին գրքեր հունարեն, պարսկերեն և ասորերեն լեզվով։ Նա այն աստիճան խորասուզված էր այդ հին մագաղաթների մեջ, որ ամենևին չէր նկատում, թե ի՛նչ էր կատարվում դրսում։ Դրանք էին նրա մտերիմ ընկերները, դրանք էին նրա հավատարիմ խորհրդակիցները սկսյալ այն օրից, երբ նա ամեն տեղից հալածված, այդ ողորմելի խրճիթում վարում էր տխուր, առանձնական կյանք։