խուրձ դալար ճիպոտների՝ սկսում էին ծեծել հորս։ նա մորմոքում էր, աղաղակում էր, աղաչանք էր անում — բայց ո՞վ էր նրա ձայնր լսողը․․․
Ֆերրաշները հարկ էին պահանջում։ Եվ եթե մի փոքր ուշանում էր, սկսում էին հորս մերկ ոտների տակ կրակ լցնել, այդ բավական չէր, նրա մարմինը այրում էին տաքացրած շամփուրներով։ Այդ սոսկալի տանջանքների ժամանակ ինչ որ իմ մոր դրությունն էր, աստվա՜ծ ազատե, ես անկարող եմ նկարագրել։ Նա բոլորովին գժվում էր, նա կտրում էր իր գլխի և պարանոցի զարդերից ամենաթանկագինը և տալիս ֆերրաշներին։ Նա աղաչում էր, պաղատում էր, որ չծեծեն հորս, որ չսպանեն նրան, որ սպասեն մինչև առավոտ, մինչև լույսը ծագի, որ հայրս կարողանա մի տեղից պարտք անել և պահանջած հարկը վճարել։
Այս րոպեիս էլ իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ այն սարսափելի գիշերները..․ Ֆերրաշները գալիս էին միշտ գիշերով, ինչպես չար երեխաները միշտ գիշերային մթության ժամանակն են քանդում խեղճ ծտի բույնը, և գիշերով են բռնում նրան, որովհետև գիտեն, որ ողորմելի թռչունը այն ժամանակ մի ուրիշ պատսպարան չունի, բացի իր օթևանը։
Զարհուրելի գիշերնե8․․․ Որքա՜ն արտասուքի և որքա՜ն տանջանքների պատճառ էին դառնում նրանք մորս․․․ Նա գիշերային այն մթին խավարի մեջ, մենակ դուրս էր գալիս տունից, առնում էր իր հետ մի պղինձ կամ մի ուրիշ բան, և տանում էր գինետուն, որ գրավ դնե և նրանց համար ըմպելիքներ բերե։ Նա մորթում էր մեր հավերը և նրանց համար կերակուրներ էր պատրաստում, բայց անողորմ հյուրերի ուտելուն և խմելուն չափ չկար։
Այսպիսի դեպքերը պատահում էին համարյա միշտ, որովհետև հարկերը վերջ ու սահման չունեին։ Ամեն բանի համար պահանջվում էր, թե ցանքի համար, թե անասունների համար և թե մեր ընտանիքը կազմող հոգիների համար։ Հաշիվ չկար, հաշիվը կախված էր պահանջողի կամքից միայն։ Վերջապես հարկերը կարող էին ծագել հազար ու մեկ հանգամանքներից, և այնքան զանազան միմյանցից, որ շատերի անունները մոռացել եմ։ Ո՞րտեղից պետք էր վճարել։— Պետք էր տունից մի բան ծախել, մի բան գրավ դնել։ Բայց մեր տանը ոչինչ չէր մնացել, մեր տունը նմանում էր մերկ գերեզմանի։ Այդ կարո՜ղ էր հասկանալ ֆերրաշը։ Նա ինքն էր ծախել տալիս մեր կովը, մեր եզը և մեր գոմեշը, ամենևին