Քեռուս տունը, ուր տեղափոխվեցանք մենք, մեզ հասած դժխտությունից հետո, գտնվում էր Քոհնա-Շահարում։ Քոհնա-Շահար նշանակում է հին քաղաք, այսպես կոչում էին նրան Սալմաստա նոր քաղաքից որոշելու համար, որի անունը Դիլիման էր` հին քաղաքը կորցրել էր իր անունը։ Շատ հավանական է, որ դա լիներ մեր Զարեհավանը կամ Զարեվանդը, որի անունով մի ժամանակ կոչվում էր ամբողջ գավառը։
Այս քաղաքում բնակվում էին չորս ազգություններ` հայ, թուրք, ասորի և հրեա. յուրաքանչյուր ազգություն զետեղված էր առանձին թաղերում։ Հայերը ունեին երկու եկեղեցի, իսկ ասորիները՝ մեկ։ Հին քաղաքը արժանի էր իր կոչմանը, այստեղ, կարծես, մի քանի քաղաքներ շինված էին մինը մյուսի վրա։ Նոր շենք կառուցանելու համար նյութեր պետք չէին․ քանդում էին գետինը և հողի տակից դուրս էին բերում ահագին քանակությամբ աղյուս, կոփածո քարեր, և շատ անգամ բացվում էր մի ընդարձակ, ստորերկրյա բնակարան։ Ո՜րքան փորձանքներ, ո՜րքան հեղափոխություններ պետք է կրած լիներ այդ քաղաքը․ ո՜րքան ազգեր այնտեղ բնակվել և անհետացել էին. իսկ հայը, նրա նախկին բնակիչը, դեռ մնում էր։ Արաբներից մնացել էր մի լայնատարած գեզմանատուն միայն, գեղեցիկ զարդարած տապանաքարերով։
Քաղաքի բոլորովին սպառված մի անկյունումն էր գտնվում քեռուս տունը, մեծ հեղեղատի ափի մոտ։ Այդ հեղեղատը գարնան անձրևների ժամանակ հորդանում էր, և քանդելով ավերակները, բերում էր իր հետ զանազան հնություններ։ Ես շատ ուրախ էի լինում, երբ հեղեղը փոքրանում էր, որովհետև մեր դրացի երեխաների հետ գնում էինք գետի ափերի մոտ և ավազների միջից գտնում էինք հին դրամներ, կանանց զարդեր, և վաճառելով հրեա ոսկերիչներին, փող էինք ստանում։
Հայերի տները թեև փոքրիկներ էին, բայց հովանավորված պարտեզներով և ծառերով, գեղեցիկ տեսք ունեին։ Բնակարանը, ասում են, խիստ խորին կապ ունի մարդու կյանքի ու բնավորության հետ։ Այս մտքով, հայերի տների ձևը և նրանց ներքին ու արտաքին դիրքը, ոչ միայն մեծ նշանակություն ունեին բնակիչների ճաշակի մասին, այլ առավելապես արտահայտում էին նրանց վիճակը և հասարակական դրությունը։ Տները շատ սերտ և անմիջական կերպով կցած էին մինը մյուսի հետ, այնպես, որ տանիքների վրայով կարելի էր հայոց թաղի մի ծայրից մինչև մյուսը գնալ։ Բոլոր տները ունեին գաղտնի հաղորդակցություն։ Այդ հաղորդակցությունը