Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ շինված էր ծառաների համար։ Եվ որովհետև այժմ քեռիս ծառաներ չուներ, խրճիթը մնացել էր բոլորովին անբնակ․ այնտեղ պահում էին տան կոտրատված և անպիտանացած կարասիքը։ Այդ մթերքներին փոխարինեցինք մենք, որ մեր վիճակով շատ չէինք տարբերվում նրանցից։ Այնուամենայնիվ, մենք գոհ մնացինք մեր բախտից, մաքրեցինք խրճիթը իր հին ապականությունից շինեցինք և սարքեցինք նրան, թեև քայքայված առաստաղը և խարխուլ պատերը բոլորովին անզոր էին անձրևի հոսանքի առաջը առնելու, կամ պահպանելու մեզ վատ եղանակից:

Գ

ՀԻՆ ՄԵՂՔԸ


Աշունը մոտենում էր իր վախճանին։

Այդ առաջին աշունն էր, որին հանդիպում էինք մենք, քեռուս տունը տեղափոխվելուց հետո։ Դաշտերը ստանում էին տխուր և գունաթափ կերպարանք. կանաչ մարգագետինները, օրըստօրե դեղնելով, մեռելային դեմք էին կրում։ Անխղճաբար փչում էր սառը քամին և թափում էր մերկ ծառերի մնացած տերևները։ Երկնքի խոժոռ և մոխրագույն դեմքի վրա գլորվում էին մթին ամպերի ահագին բեկորներ և արգելում էին արևի թույլ ճառագայթները։ Խիստ տխուր եղանակով լսելի էր լինում կռունկների խուլ կռնչյունը, որոնք բարձր եթերքի միջով, եռանկյունի շարքերով, դիմում էին դեպի օտար աշխարհ։ Ծիծեռնակներ ամենևին չէին երևում. նրանք վաղուց էին գաղթել։ Միայն մրջյունները խիստ եռանդով կրում էին դեպի իրանց ամբարները ընդեղենների զանազան տեսակներ։ Ամեն արարած պատրաստվում է ընդունել ձմեռը — իր անախորժ հյուրը։

Այս օրերը սակավ հոգսեր չպատճառեցին մորս։ Ձմեռը, աղքատների թշնամին, մեզ պատժելու համար էր գալիս։

Մայրս իր հոր տունը տեղափոխվելուց մի քանի օրից հետո հրաժարվեցավ կերակուրներ ընդունել նրանց սեղանից և ապրում էր իր անկախ աշխատանքով։ Նա շուտով հաշտվեցավ իր նոր վիճակի հետ, չկամենալով ծանրություն պատճառել իր եղբայրներին, որոնց շատ հաճելի չէր իրանց գերդաստանի վրա ընդունած նոր բեռը։ Մայրս աղքատություն շատ էր կրած, բայց երբեք իր տան չքավորությունը օտարներին հայտնած չէր, թե ինչպես է ապրում,