կամ ինչ միջոցներով է պահում իր երեխաներին: Նա բավական հպարտ կին էր։ Նա ամեն հույս դրած էր իր աշխատող ձեռքերի և աստծո վրա։ Բայց աստված շատ անգամ թույլ է տալիս։ Որ դժբախտությունը մինչև վերջին ծայր տանջե մարդուն։ Այդ անում է նա, որպես ասում են, արարածների համբերությունը փորձելու համար։ Մորս համբերությունը երկաթի ամրություն ուներ։ Բայց երկաթն էլ փշրվում է, երկաթն էլ խորտակվում է...
Ես երբեք չեմ կարող մոռանալ մորս արտասվալի աչքերը, երբ աոաջին անգամ, ինձ և երկու քույրերիս իր հետ առնելով, գնացինք դաշտը, հնձած արտերից թափված հասկերը հավաքելու։ Դա մուրացկանության առաջին քայլն է, որին ենթարկվում է պատվավոր աղքատը։ Մենք մի ժամանակ արտեր ունեինք, հունձք ունեինք, և մեր հունձքը հավաքելուց հետո խուրձերից ընկած հասկերը թողնում էինք աստուծու աղքատներին և երկնքի թռչուններին: Բոլո՜րը կորցրինք, և այժմ ստիպված էինք ուրիշի արտերից հասկաքաղ[1] անել... Արտերի կարճ խուզած տափարակի վրա, մխաթների նման վեր ցցված ձողերի սուր ծայրերը ծակծկում էին իմ և քույրերիս բոլորովին մերկ ոտները։ Բայց մենք ցավ չէինք զգում: Մենք շատ ուրախ էինք և խիստ եռանդով կպանք գործին։ Մարիամը և Մադթաղը իրանց մանրիկ ձեռներով հավաքում էին ընկած հասկերը և ինձ վրա ծիծաղում էին, որովհետև ես ծույլ էի: Նրանք փունջեր էին կապում հասկերից, և երկու քույրեր մրցություն էին անում, թե որը շատ կհավաքե։ Խե՜ղճ երեխաներ, կարծես զգում էին, թե ձմեռը քաղցած կմնան, եթե այժմ պաշար չպատրաստեն։ Մայրս նայում էր նրանց վրա և լաց էր լինում...
Երեկոյան ժամուն մեզանից ամեն մեկը իր հավաքածը կապեց շալակին, դարձանք տուն։ Մարիամը և Մագթաղը իրանց բեռներով մի առանձին հպարտությամբ հանդիպեցին քեռուս երեխաներին, որպես անխոնջ մշակներ, որ դառնում էին դաշտից։
Այսպես ամեն օր, վաղ-առավոտյան դնում էինք դաշտ հասկաքաղ անելու և երեկոյան վերադառնում էինք։ Ծեր խրճթի դռան առջև կազմվեցավ մի փոքրիկ դեզ հավաքած հասկերից։ Այնուհետև սկսեցինք մեր կալը կա լսել։ Բայց նա այնքան մեծ չէր, որ հարկավոր լիներ կալսել ջարջառով: Մայրս սկսեց իր ձեռքով
- ↑ Մովսեսի օրենքով հրամայած էր արտերի եզերքը չհնձել և թողնել աղքատներին: Հայերի մեջ այդ սովորությունը նվիրագործված է ժողովդական ավանդությամբ։ Դա կոչվում է հասկաքաղ։ Իսկ ճռաքաղը, այսինքն այգիների ճիռերի հավաքում, նույնպես աղքատներին է պատկանում: