որ պետերը հարգում են, պաշտպանում են վարպետ Բաբային. այսպես էր իմ մեծ քեռու անունը։
Կար և մի ուրիշ բան։ Մեր գավառում բնակվող զանազան մահմեդական ցեղերը, մանավանդ քրդերը, անհաստատաբնակ ժողովուրդ էին․ գարնան սկզբից սկսած մինչև աշնան վերջը իրանց հոտերով և վրաններով թափառում էին լեռնային ամարանոցներում, և ձմեռը միայն վերադառնում էին իրանց տները թափառումների ժամանակ ամեն մի խումբ պետք է իր հետ զինագործ ունենար, որովհետև զենքը նրանց ամենահարկավոր գործիքն էր։ Եվ այս մտքով ման էին ածում իրանց հետ զինագործի շարժական արհեստանոցներ։ Իմ մեծ քեռու հինգ որդիներից չորսը մի-մի քուրդ ցեղի վարպետներն էին և իրանց աշակերտներով շրջում էին նրանց հետ։ Նրանք վերադառնում էին տուն ձմեռը, բերելով իրանց հետ բեռներով յուղ, պանիր, բուրդ և մեծ քանակությամբ ոչխարներ, կովեր, եզներ և այլն։ Քրդերը վճարում էին այն մթերքներով, որ ստանում էին իրանց անասուններից։
Մյուս որդիների բացակայության ժամանակ մեծ քեռուս մոտ մնում էր միայն կրտսեր որդին։ Ես, կարծես, հենց այս րոպեիս տեսնում եմ իմ աչքի առջև ծերունի արհեստավորին, նստած զնդանի առջև, կաշյա գոգնոցով, անդադար ուղղում էր քթի վրա դրած ահագին ակնոցները, և երկաթի կտորը ունելիքով բռնած, կամ խառտում է, կամ հղկում է և կամ փոքրիկ մուրճով ծեծում է։ Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները, փուքսերը գոռում են, շեկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են — յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ։ Չգիտեմ թե ինչու՞ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող։ Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան։ Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում, հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր... Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի աոանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն