Ի՞նչպես չհավատայի, երբ ամեն օր տեսնում էի նրա տունը լիքն էր հայի, թուրքի, ջհուդի և զանազան ազգերի կնիկներով, որը տեր հոր համար ընծա էր բերել մի քանի հատ ձու, որը մի աքաղաղ, որը մի շիշ արաղ, որը մի զույգ գուլպա,— վերջապես ոչ մի մարգ դատարկաձեռն ոտք չէր կոխում նրա շեմքի վրա։ Ի՞նչ էր նրանց դարդը։ Մեկը չբերք էր. տեր հայրը նրա համար մի բան էր գրում, որ երեխա ունենա։ Մյուսի տղամարդը ուրիշին էր սիրում. տեր հայրը իր «վեցհազարյակի» շնորհիվ նրա սերը սառեցնում էր օտար կնկանից և իր կնոջն էր սիրել տալիս։ Մեկ ուրիշը ուզում էր մարդի գնալ, տեր հայրը իր «թիլիսմանների» զորությամբ նրա բախտը բաց էր անում։— Այսպիսի շատ բաներ անում էր նա, և ասում էին, որ բոլորը կատարվում է...
Իր եկեղեցական պաշտոնի մեջ տեր Թոդիկը նույնպես իր ժողովրդի թե հոգևոր, թե բարոյական մխիթարությունն էր։ Ամեն մարդ նայում էր նրան, որպես մի սրբության վրա։ Երբ սկսվում էր մեծ պասը, մեր թաղեցիքր սովորություն ունեին կեսավուր ժամից առաջ հավաքվել եկեղեցու բակում մի խուցի մեջ։ Վարժապետս գնում էր այնտեղ, նրանց համար կարդում էր և մեկնում էր մի գիրք: Ես մինչև այսօր չեմ մոռացել այն ահադին մեծ գիրքը. նրան կոչում էին «Այսմավուրք»։ Նա այնքան ծանր էր, որ հոգիս դուրս էր գալիս, մինչև տանում էի եկեղեցու խուցը։ Թե ի՞նչ էր դրած նրա մեջ, ես չգիտեի, բայց շատ անգամ գիրքը տանելու ժամանակ մտածում էի.— «Ա՜խ, աստված ջան, ի՛նչ կլինի, որ այդ գրքի բոլոր գրվածները իմ գլխումը լցնես»։ Հետո ինձ ու ինձ ծիծաղում էի — «լավ, ասում էի. իմ պստիկ գլուխը ո՞նց կարող է այս ամեն բաները իր մեջ տանել»։ Հետո էլի մտածում էի.— «վարժապետիս գլուխը հո իմից մեծ չէ, բա՛ ինչո՞ւ նա ամենը իմանում է»։
Թաղի ծերունիները հավաքված էին լինում եկեղեցու խուցի մեջ, սպասում էին տեր հոր գալստյանը։ Ես տանում էի գիրքը, դնում էի փոքրիկ գրակալի վրա, և ձեռքերս կուրծքիս վրա դրած, կանգնում էի այնտեղ։ Նա գալիս էր։ Ա՜խ, ի՛նչպես պատվով ընդունում էին նրան, մարգ չէր մնում, որ սուրբ աջը չհամբուրե և նրա օրհնությունը չառնե։ Նա նստում էր գրակալի մոտ, բաց էր անում գիրքը, կարդում էր և պատմում էր նրա միտքը: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի քանի բաներ, որ այն ժամանակ սովորեցա սուրբերի, ճգնավորների, աբեղաների հրաշագործությունների մասին, թե ի՛նչպես նրանք խորոված աղավնիներ էին թռցնում,