Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ի՞նչ նպատակի համար էր այդ բոլոր պատրաստությունը։— Այդ միտքը սկսեց տանջել ինձ։ Այնտեղ կար պատրաստություն ավելի քան հիսուն հոգու համար։ Բայց ո՞րտեղ էին այդ մարդիկը։ Ես ոչինչ հասկանալ չէի կարողանում։ Երկյուղը և կասկածը տիրեցին իմ սրտին։ Այստեղ երևում էր ինչ-որ խորհրդավոր ծածկապահություն...

Ես չուզեցի կասկածանքի պատճառ տալ ընկերներիս, և առանց մյուս բաներին նայելու, իջա ցած։ Տղերքը տակավին քնած էին նույն դրության մեջ, որպես թողել էի։ Ես չկամեցա խանգարել նրանց հանգստությունը, դուրս եկա մինարեթից մի փոքր թարմ օդ ծծելու համար:

ԺԳ

ՎՀՈԻԿԸ

Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնից։ Վաղորդյան ցողը գույնզգույն գոհարների նման շողշողում էր նորաբույս խոտերի, թփերի տերևների վրա։ Օդի մեջ տիրում էր գարնանային առավոտի մեղմ զովությունը, թեև դեռ գարուն չէր։

Իմ սիրտը զգաց անսահման բերկրություն։ Ինչու՞։— Ինքս էլ չգիտեի։ Գուցե նրա համար, որ այստեղ ազատ էի, ոչ ոք չէր նեղացնում ինձ, ոչ մորից, ոչ վարժապետից երկյուղ չունեի։

Փոքր-ինչ հեռանալով աշտարակից ես սկսեցի դիմել դեպի ավերակները։ Կիսակործան պարիսպների, խորտակած սյուների, մամռապատ կամարների բեկորները մեծ մասամբ կորած էին վայրենի բույսերի մեջ, որ ճոխությամբ աճել էին այնտեղ։ Ոզնին, ահագին կրիաները, երկչոտ չախկալները համարձակ կերպով վազվզում էին փլատակների մեջ։

Իմ ականջին զարկեց բուի ձայնը։ Ավերակների այդ թագուհին իմ մանկության հասակից գրգռել էր իմ սնահավատությունը։ Ես համոզված էի, թե նա էր այդ բոլոր կործանումների պատճառը։ Կռացա, գետնից մի քար վեր առի, նայում էի չորս կողմս, որ գտնեմ, որ սպանեմ նրան։ Բուն չէր երևում։ Ես քարը նետեցի ուղիղ այն կողմը, որտեղից լսելի եղավ նրա ձայնը։ Բարձրացավ մի ճիչ, որ նման էր ադամորդու հառաչանքի։ Ես սոսկացի։ Փլատակների մեջ կծկվել էր մի պառավ կին, փաթաթված հին, մուգկապտագույն