— Հիշում եմ,— պատասխանեցի ես մի առանձին բավականությամբ։— Հիմա բոլորովին ծերացած կլինի Ավոն, տասներկու տարի է, որ չեմ տեսել նրան։
— Հին վիշապները շուտ չեն պառավում։ Դու կտեսնես նրան շատ քիչ փոխված,— ասաց Սագոն իր սովորական հեգնական եղանակով։— Բայց մի՞տդ է, Ֆարհատ, Ավոյի որդեգիրը' Հասոն, որին մենք դպրոցում կոչում էինք «էշի փալան»։
— Որին մեր վարժապետը կոչում էր «սատկած»,— ավելացրի ես,— որը ոչինչ չէր սովորում և շուտ հոգնում էր, երբ ման գալու էինք գնում. աշակերտները շատ անգամ ստիպված էին շալակել նրան և ետ բերել դաշտից։
— Հենց նա, գտար. բայց հիմա որ տեսնես, չես ճանաչի, այնքան հաստացել է, սարի արջ է դարձել. երևի, վրա եկավ լեռնային օդը։
— Ի՞նչ է շինում։
— Գրողը տանի նրան, հիմա տուն ու տեղի տեր է դարձել, վար է վարում, ցանք է անում. կնիկ ունի. ամեն տարի երկու հատ ծնվում են. տունը լիքն է երեխաներով, ճանճերի նման վժվժում են։
— էլի այնպես մաղձո՞տ է, որպես առաջ։
— Հիմա օրինավոր մարդ է դարձել. իստակ հոգի է տալիս, երբ նրա տունն ես մտնում. ուզում է' ինչ որ ունե, ինչ որ չունհ, քեզ ուտացնել ու այնպես ճանապարհ դնե։
— Ուրեմն հարո՞ւստ է։
— Գութան ունի, անասուններ ունի, հենց ես ու դուն մնացինք առանց ոչնչի, Ֆարհատ։
Ինձ ամենից ավելի հետաքրքրում էր Մարոն, որսորդի աղջիկը, ցանկանում էի նախքան տեսնելս նրա մասին որևիցե տեղեկություն ստանալ։
— Բայց Մարո՞ն,— հարցրի ես։
— Մարո՜ն... — կրկնեց Սագոն մի առանձին ոգևորությամբ,— այժմ այդ սև դևիկը իր թուխ աչքերով բոլորովին խելքից հանում է մարդուն...։ Սատանա՜ն տանի նրան, էլի այնպես կծում է... էլի այնպես ճանկռտում է, որպես առաջ...
— Նա միշտ կատվի բնավորություն ուներ։
— Չգիտեմ ինչո՞ւ Սագոն ընկավ խորին տրտմության մեջ, երբ Մարոյի անունը մեջ մտավ։ Նա վառեց իր ծխաքարշը, սկսեց