Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի քայլ առաջ։ Նրանք ինչ-որ բանի մասին տաք-տաք խոսում էին։ Քամին, որ սկսեց փչել բարձրավանդակների վրա, չէր թողնում, որ նրանց ձայնը լսելի լիներ։ Սագոն խոսում էր ինձ հետ, առանց լռելու, զանազան խառն և անկապ առարկաների վրա։ Բայց որքան ես աշխատեցի նրանից որևիցե տեղեկություն դուրս քաշել իրանց անցյալ կյանքի մասին, օտար երկրներում,— նա մնաց միշտ զգույշ և ոչինչ չհաղորդեց ինձ։

Բայց ո՜րքան դյութական ազդեցություն ունի լեռը, այն ևս հայկական ահավոր, սքանչելի լեռը։ Այդ ազդեցության ոդևորությունը ես իսկույն նկատեցի Սագոյի մեջ, երբ նա սկսեց իր գեղեցիկ ձայնով եղանակել մի փոքրիկ երդ։

ԺԵ

ՈՐՍՈՐԴԻ ՏՆԱԿԸ

Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ հասանք Կ... գյուղը, որ գտնվում էր Դուշմանա լեռների մեջ։ Անդադար հարձակումները այդ լեռներից Սալմաստ գավառի վրա՝ առիթ էր տվել տեղացիներին այսպես կոչել նրանց։ Դուշմանա լեռներ նշանակում է թշնամու լեռներ։

Գյուղից դուրս, բլուրի վրա, միայնակ կանգնած էր փոքրիկ տնակ, որի պատուհաններից մեկը այն ուշ գիշերային պահուն լուսավորված էր մռայլ լուսով։ Աղոտ լույսը քաշեց մեր քարավանը դեպի իր կողմը։ Մենք կանգնեցանք մի քանի քայլ հեռու, միայն Կարոն մոտեցավ տնակին։ Չգիտեմ նա ինչ խոսեց, ի՞նչ ասաց, միայն այն տեսա, քանի րոպեից հետո բակի դռները բացվեցան, շեմքի վրա հայտնվեցավ մի ահագին կերպարանք ճրագը ձեռին։ Որքան և նսեմացած լիներ իմ հիշողությունը, դարձյալ ես այն կերպարանքի մեջ ճանաչեցի որսորդ Ավոյին։

Կարոն նշան արեց իր ընկերներին, բոլորը մոտեցան։ Մեր առաջին հոգսը եղավ հանգստացնել ձիաները։ Ախոռատան քնաթաթախ սպասավորին, երևի, շատ հաճելի չեղավ տարաժամ հյուրերի այցելությունը. նա մրթմրթալով դուրս եկավ իր դարանից,— «Ո՞ր սատանան էս վախտը դուրս կգա իր բանից»— խոսեց քնթի տակից և սկսեց ձիաները ներս քաշել դեպի փարախը։ Դա իմ նախածանոթ Մըհեն էր, որ առաջ աջակցում էր Ավոյին