նրա որսորդությունների մեջ, իսկ այժմ մի աստիճան ևս բարձրացել էր իր պաշտոնի մեջ, դառնալով անասունների վերակացու։ Տղերքը այն աստիճան սովորած էին նրան, որ ամենևին ուշադրություն չդարձրին նրա դժգոհությանը և սլատվիրեցին շատ գարի և դարման տա ձիաներին։
— Մըհեն գիտե, ասել պետք չէ, քսան տարի է, Մրհեն ձիաների հետ գործ ունի,— պատասխանեց նա խռպոտ ձայնով և դիմեց դեպի մարագը։
Որսորդի տնակը, բացի ախոռատնից, բաղկանում էր մի քանի փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը պատրաստված էր հյուրերի համար, երբ ճրագ վառեցին, ամենքը հավաքվեցա այնտեղ։ Շուտով հայտնվեցավ և տանուտերը, որ բակում Կարոյի հետ մեզ անլսելի ձայնով խոսում էր։
— Դե՛, շուտ, Ավո, տղերքը ուտել են ուզում,— դարձավ դեպի նա Կարոն։
— Գայլի նման,— վրա բերեց Սագոն,— ինչ «հոգու բաժին» ունես, ամենը, ամենը բե՛ր։
— «Տարաժամ հյուրը իր բախտից պետք է գանգատվի», — պատասխանեց որսորդը թուրքերեն առածով։— Աստուծո տվածից ինչ ունեմ, կբերեմ։
— Ո՞ւր են, ոչ մեկը չէ երևում,— հարցրեց Ասլանը։
— Հասոն դաշտումն է, նա իր անասուններն է պահում. անիծված քրդերը իստակ կատաղել են, հենց որ աչքդ հեռացնում ես, էլ ապրանքիդ տերը չես։ Մարոն քնած է, ես նրան կզարթեցնեմ։
նա դուրս գնաց ընթրիք պատրաստել տալու։
Ես մնացի աննկատելի։ Ընկերներիցս ոչ ոք չխոսեց որսորդի հետ իմ մասին, իսկ ես ամաչում էի, որ մոտենամ, նրա ձեռքը համբուրեմ ու ասեմ՝ ես քո Ֆարհատն եմ, դու միշտ սիրել ես ինձ։
Բայց ինչո՞ւ ես այնքան ուրախացա, երբ նա խոստացավ զարթեցնել Մարոյին, ինչո՞ւ իմ աչքերն այնպես անհամբերությամբ նայում էին դեպի դուռը, որտեղից նա պետք է ներս մտներ։ Ա՜խ, ո՛րքան սիրելի է լինում մանկության ընկերը, մանկության անմեղ բարեկամը։
Տղերքը մի կողմ դրեցին իրանց զենքերը, նստեցին բուրգից գործած թանձր օթոցների վրա, որոնցմով ծածկված էր սենյակի հատակը։ Շատ չանցավ, ներս մտավ մի աղջիկ, որ ձեռքով երկու