Նա ոչինչ չպատասխանեց։
— Պետք է կատվի հետ կատու լինել և նրա ճանկերից ազատ մնալ...— պատասխանեց Սագոն բոլորովին վրդովված կերպով:
— Եթե ոչ, շան հետ մնում է նա միշտ անհաշտ...։
— Ամո՜թ է, տղերք,— ձայն տվեց Կարոն և կայծակի արագությամր խլեց իմ ձեռքից խենջարը։ Ասլանը ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ոչ ձեռքը տարավ դեպի իր սուրը, նրա մի այսպիսի արհամարհանքը ավելի վիրավորեց ինձ։ Իսկ Սագոն, հեռու կանգնած, ծիծաղում էր։ Նա բռնեց Ասլանի ձեռքից, և մի կողմ քաշելով, ասաց.
— Գնանք, չարժե երեխայի հետ գործ ունենալ...։
Ես և Կարոն մնացինք մենակ։ Ծերունի որսորդը, յուր դստեր հետ, մեզանից շատ առաջ լինելով, չհասկացավ, թե ի՛նչ անցավ մեր մեջ։ Կարոն սկսեց խոսել, թե իմ վրդովմունքը բոլորովին անտեղի էր, ես իզուր վիրավորեցի իմ ամենալավ ընկերներին, որոնք այնքան սիրում էին ինձ, որքան ինքը Կարոն։ Նա ասաց, որ ես ոչ միայն Ասլանին հաղթել կարող չէի, այլ նույնիսկ փոքրիկ Սագոն այնպես ճարպիկ էր կռվի մեջ, որ անպատճառ ինձ կսպաներ, միայն նրանք խնայեցին ինձ։ Եվ երկար խրատներ կարդալուց հետո, նա ավելացրուց, թե Սագոն մեղք չուներ, որովհետև մի քանի տարի է, որ նա սիրահարված է Մարոյի վրա, թեև օրիորդը չէ համակրում նրան։
Ահա՛, այսքանը հասկացա ես Կարոյի խոսքերից, որոնց մեծ մասն իմ նույն րոպեի խռովության մեջ բոլորվին անըմբռնելի էին։ Ես ամբողջ մարմնով դեռ դողում էի, իմ լեզուն, կարծես, կապված էր, ես ոչինչ պատասխանել չկարողացա։
— Դու դեռ ջահել ես, Ֆահրատ, քեզ ես չեմ մեղադրում,— ավելացրեց նա։ — Քn ընկերները լավ մարդիկ են, նրանք դարձյալ կսիրեն քեզ և կներեն։
Դառնալով դեպի Կ... գյուղը, մեր ճանապարհն ընկավ այն կողմից, ուր գտնվում էր ծերունի որսորդի որդեգրի Հասոյի ագարակը։ Գիշերից բավական անցել էր, երբ հասանք այնտեղ։ Տղերքը վճռեցին գիշերել Հասոյի ագարակում։ Այնտեղ ծերունի որսորդի որդին շինել էր ճյուղերից հյուսած մի տաղավար, որ խիստ հարմար օթևան էր գարնան գիշերների համար։
— Մնացեք այստեղ ու քեփ արեք,— ասաց ծերուհին։ Հետո ավելացրեց.