Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե՛կ, դու փոխի՜ր դարևոր նախապաշարմունքը։ Ի՞նչ կարող ես անել, երբ ամբոխը ինքը չէ բողոքում իր թշվառությունների համար, երբ ամեն անբախտություններ տանում է նա համբերությամբ, և,— որպես Կարոն հիշեց իր ճառի մեջ,— տալիս է նրանց մի վերին և աստուծո նախասահմանությամբ կարգադրած օրենքի նշանակություն: Ի՞նչ պետք է անես...։

Միթե այսպե՞ս էին իմ դատողություններն այն ժամանակ, միթե այսպե՞ս էի մտածում ես...։ Ո՜չ: Ես ինքս շատ հեռու չէի նույն նախապաշարմունքներից, որոնք տիրել էին ժողովրդին, որովհետև նրա հավատարիմ զավակն էի։ Ես միայն ծիծաղում էի Կարոյի ցնորքների վրա, որպես տասն և երկու տարի առաջ, երբ նա դեռ նոր էր փախել հայր Թոդիկի ուսումնարանից և աշակերտում էր մի նոր դպրոցի— որսորդ Ավոյի— վարդապետությանը, վարդապետությանը այն խորհրդավոր մարդու, որի ծագումը, հայրենիքը հայտնի չէր, որ ծածկված էր հասարակ որսորդի դիմակով, որը ներշնչեց կրակոտ պատանիների մեջ նոր հոգի և նոր միտք...։

Ընթրիքը թեև վերջացավ խիստ զվարճալի կերպով, բայց ես ամենևին ուրախ լինել չկարողացա, այդ պատճառով շատ գոհ եղա, երբ տղերքը շուտով պառկեցին քնելու։ Բայց ես քնել չկարողացա, և դուրս գալով տաղավարից, երկար թափառում էի գիշերային մթության մեջ։ Կարծես, հազար ու մեկ սատանաներ պտույտ էին գալիս իմ գլխում, երբեմն մտածում էի՝ գնամ Ասլանին ու Սագոյին խեղդեմ իրանց քնած տեղում։ Հետո ինձ ու ինձ փոշմանում էի, ասելով՝ «չէ՞ որ նրանք մոռացան բոլորը, նրանք ներեցին ինձ»։ Բայց ես կարո՞ղ էի ներել նրանց, որ այնպես անվայելուչ կերպով խոսում էին Մարոյի մասին...։ Այսպիսի խառն մտածմունքներով լցված էր իմ հիմար գլուխը, երբ ես կրկին դարձա տաղավարի մոտ և պառկեցի նրանցից փոքր-ինչ հեռու խոտերի վրա։

Ետ ընկած լուսինը կամաց-կամաց վեր բարձրացավ սարի ետևից և լեռները լցվեցան արծաթի լուսով։ Գեղեցիկ տեսարանը ամենևին չազդեց իմ վրա։ Իմ գլուխը դեռ լիքն էր սև մտածմունքներով. իմ սիրտը դեռ անհանգիստ խռովության մեջ էր։ Չգիտեմ, ինչո՞ւ այնպես վրդովված էի ես. չգիտեմ ի՞նչ էր, որ այնպես տանջում էր ինձ։ Միայն այսքան եմ հիշում, որ շուտով իմ աչքերը լցվեցան ջերմ արտասուքով, ես սկսեցի լաց լինել, երկա՜ր լաց լինել...

Գիշերն ես անցուցի տենդային ջերմության մեջ։ Առավոտյան լուսաբացի պահուն ինձ տիրեց մի թմրություն, այն ժամանակ ևս