արդարությունը, երբ կազատվի աղաների հարստահարությունից։ Այն ժամանակ կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունի արդար և հավատարիմ բնության հետ, որ չէ մտածում իր նման մարդերի քրտինքից իր համար ապրուստ քամել…
Այո′, այս ճշմարտությունն անհասկանալի էր ինձ այն ժամանակ, ե′ս, ե′ս միայն էի անգործ արարածը այն ընդարձակ տարածության մեջ, ուր ամեն մարդ զբաղված էր իր աշխատանքով։ Ո՞վ գցեց ինձ այն մոլորության մեջ, ո՞վ սպանեց իմ մեջ աշխատասիրության եռանդը։ Ես մտաբերեցի հայր Թոդիկի վարդապետությունը, որ նա մեկնում էր իր աշակերտներին իր բուն բառացի իմաստով․ «մարդը պետք է երկնքի թռչունների նման ապրե, որոնք ոչ վարում են, ոչ ցանում են և ոչ հնձում են, բայց միշտ կուշտ են, և աստված հասցնում է նրանց կերակուրը»։ Այդ խոսքերը նա իր գլխից չէր դուրս տալիս, դրանք գրքից առած խոսքեր էին։ Հիմնվելով հիշյալ բնաբանի վրա, տեր-հայրը ընդարձակում էր այն միտքը, «թե պետք չէ հոգ տանել այս աշխարհի կյանքի համար, նա ունայն և անցավոր է, թե յուրաքանչյուր մարդու համար աստված նշանակել է նրա օրական պարենը (ապրուստը), մեկին շատ, մեկին քիչ, նույնը կհասցնե նա անընդհատ կերպով և չի թողնի իր արարածը քաղցած մնա։ Մարդից, իրանից, ոչինչ կախված չէ, որքան և ջանք գործ դներ, դարձյալ նա չէ կարող մի մազաչափ ավելացնել, կամ պակասացնել ապրուստի այն չափից, որ նշանակել է նրա համար աստված»։
Քահանայի վարդապետությունը և Հասոյի խոսքը ծնուցին իմ մեջ երկու միմյանց հակառակ գաղափարներ․ մեկը անհոգություն և հույս դնել աստուծո նախախնամության վրա․ մյուսը՝ գործունեություն և հույս դնել իր աշխատող ձեռքերի վրա։ Ո՞րն էր դրանցից ճշմարիտը, ես որոշել կարող չէի, միայն մտածում էի՝ թե քահանայի ասածը պետք է որ ուղիղ լինի, որովհետև տեսնում էի՝ մարդիկ այնքան աշխատում էին, կաշուց դուրս էին գալիս, դարձյալ մնում էին աղքատ։ Երևի, ասում էի ես, նրանց ապրուստը այնպես քիչ է նշանակած, որ նրանք երբեք չեն կարող լինել ապահոված։ Իսկ աղան կմնա միշտ աղա, որովհետև նա ոչ վարում է, ոչ ցանում է, ոչ հնձում է, և նրա սեղանը միշտ լի է և ճոխ…
Հիմնվելով վերոհիշյալ մտախոհությունների վրա, Կարոյի և իր ընկերների նպատակը ինձ երևում էր բոլորովին երևակայական, և ես խիստ ափսոսում էի, որ նրանք ընկած էին այնպիսի անելանելի մոլորության մեջ…