Ես միայն չէի, որ այսպես էի մտածում, բոլոր ժողովուրդը այսպես էր մտածում, որովհետև նրանք նույնպիսի տեր թոդիկների աշակերտներ էին, որպես ես։
Եվ Կարոն աշխատում էր մի այսպիսի նախապաշարված ժողովրդի բարօրության համար…
ԻԱ
ՆԱԽԱԳՈԻՇԱԿՈԻԹՅՈԻՆ
Արեգակն սկսել էր արդեն այրել․ կեսօրվա տոթից դժվարանում էր մարդի շնչառությունը։ Բաժանվելով Հասոյից, ես գնում էի մի նեղ շավիղով, որ տանում էր դեպի փոքրիկ վտակը ձորի մեջ․ այնտեղ արծաթափայլ ջրի կանաչ ափերը հովանավորում էին մի խումբ ծառեր, որոնք տարածել էին իրանց ստվերը մետաքսի պես փափուկ խոտերի վրա։ Ես շտապեցի այնտեղ փոքր-ինչ ազատ շունչ քաշել։ Ծառերը նվիրական էին մի փոքրիկ մատուռի, որի կիսավեր փլատակները դեռ վայելում էին իրանց սրբազնական հարգանքը բարեպաշտ ժողովրդից։ Մատուռի մի քանի ողջ մնացած կամարները, որոնք ազատվել էին ժամանակի մաշող ձեռքից, թաքնվել էին, միմյանց հետ խիտ փաթաթված թուփերի և մացառների մեջ, իսկ նվիրական ծառերը բարձր տարածելով իրանց ազատ ճյուղերը, գրկել էին իրանց ծոցում այն հինավուրց սրբարանը։
Ծառերից մի քանիսի ճյուղերի վրա փաթաթված էին գույնզգույն թելեր և շորերի կտորտանքներ։ Տատս վաղուց մեկնել էր ինձ այսպիսի ծառերի նշանակությունը․ նա ասում էր՝ «երբ սուրբ ծառի ճյուղին մարդ կապում է իր հագուստից մի կտոր, իր բոլոր ցավերը անցնում են այն ծառի վրա։ Իմ սիրտն էլ լի էր ցավերով… ես էլ տանջվում էի տխուր և հոգեմաշ զգացմունքներով… չթեթևացնե՞լ արդյոք այս անախորժ բեռը…։ Ես դուրս քաշեցի իմ արխալուղի կարվածքից մի թել և դողդոջուն ձեռքերով կապեցի նվիրական ծառի ճյուղին։
— Այս բավական չէ′,— լսելի եղավ մի ձայն։
Ես սոսկացի. տեսնում եմ՝ նույն ծառի բունի ետև կծկվել է մի կին:
Սատանան իր բոլոր հրեշավոր այլանդակությամբ չէր կարող այնքան զարհուրելի լինել, որպես այն մռայլոտ կերպարանքը։
— Թե ուզում ես լավը, Սուսանը կտա քեզ մի թիլիսման, այն ժամանակ ամենը կերթա՝ ինչպես եղն ու մեղր…