Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանողական տպավորություն գործեց նրա վրա, որ տիկինն այլևս չկարողացավ զսպել իրան և արտասուքն ակամա կերպով սկսավ գլորվիլ նրա գունատ թշերի վրա։ Երկար այնպես նստած էր նա այդ խռովության մեջ, հետո վեր կացավ յուր տեղից, կամենում էր դեպի պատշգամբն անցնել, մի փոքր ցրվելու սրտի ամբոխմունքը, երբ սրահակի մեջ հանդիպեց նրան նույն ծառան, որ պարոն Ք․․․ից ամսական էր պահանջում։

— Ի՞նչու ես կանգնած,— հարցրուց տիկինը։

— Իմ ամսականը..․ աղջիկ-պարո՛ն, աղան չտվեց։

Այդ խոսքերի միջոցին խեղճ պատանին այնպիսի մի ցավակցական դեմք ձևացրուց, որ իսկույն շարժեց տիկնոջ խղճմտանքը։

— Ա՛ռ,— տվեց տիկինը տասն ռուբլիանոց արծաթ։

Երբ ծառան կամենում էր յուր շնորհակալությունը հայտնել, — հեռացի՛ր, թող չտեսնե քեզ,— ասաց տիկինը և անցավ դեպի պատշգամբը։

Ծառան, մի քանի անգամ գլուխ տալով, հեռացավ։

Ժ

Ապրիլ ամսի վերջին շաբաթն էր։ Հովասուն օդը շնչում էր գարնանային թարմությամբ։ Աստղազարդ երկինքը պարզ էր, որպես կաթնային օվկիանոս։ Լուսնյակն ամեն տեղ թափում էր յուր արծաթափայլ լույսը։

Գիշերը մոտենում էր յուր կեսին։

Որպես գիշերային Վեստալկա, յուղային ճրագը ձախ ձեռից քաշ տված, Քեթևանի խրճիթից դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ, զարդարված նոր և խշխշուն հագուստով։ Նրա հագուստը սեղմելով անցավ նեղ դռնից և նա հայտնվեցավ բակում։ Երևում էր աղջիկը բոլորովին սիրահարված էր յուր զարդարանքով. նա անդադար հետ ու առաջ էր նայում, ուղղում էր հագուստի ծալքերը, ուղղում էր յուր փարիզյան գդակի վարդերը և զմայլվում էր...

— «Մի հայելի էլ չկա, որ մտիկ անեի»,— ասում էր նա ինքն իրան և շտապելով դիմում էր դեպի լվացարար Կեկելի տուն։

Փոքրիկ Ցուցան հայտնի չէ ի՛նչ չարամտությամբ նույն ժամուն հոտհոտալով վազվզում էր բակումը, նա, տեսնելով աղջկան, հարձակվեցավ նրա վրա և քիչ էր մնում, որ պատռե նրա փեշը։

— Ա՛յ, սա՛տկես դու, քոռացե՞լ ես,— ճչաց աղջիկը։