լիներ, որ կարողանար տանել։ Նա թողեց թափված ամաններն առանց հավաքելու և ուզում էր դուրս գնալ, երբ Մարոն ներս մտավ։
— Ու՜ֆ, քոռանամ ես, այդ ի՞նչ արեցիր, սարսաղ,— դարձավ նա դեպի ապշած սպասավորը և սկսեց հավաքել թափված ամանները։— Ե՞րբ պետք է դու մի բան սովորես։
— Ես ոչ մի ժամանակ չեմ սորվի այսպիսի սատանայական բաները, թո՛ղ կնիկներն անեն,— պատասխանեց նա կոշտ կերպով.— Դի՛ր իմ շալակին մեկ եզան բեռը ցորեն, ասա՛, Մըհե՛, տար ջաղացը, կտանեմ, մի հատ էլ չի թափվի։ Երբ սայլը թաղվում է ցեխի մեջ, գոմեշները կաշուց դուրս են գալիս, չեն կարացի տեղից շարժել, ասա՛, Մըհե՛, դուրս քաշե սայլը ցեխից,— Մըհեն կանե այդ, բայց սատանայական բաների նա գլուխ չունի…
— Լավ, լավ, Մըհե՛, քո հոգուն մատաղ, ես այս գիտեմ, ես չէի ուզում քեզ բարկացնել,— ասաց Մարոն, յուղելով կատաղած ծառայի գլուխը։— Դու գիտես, որ Խաթունը տանը չէր, դրա համար քեզ նեղություն տվի։
— Էդ ուրիշ բան է…— ասաց նա և դուրս գնաց։
Մարոն երկար ծիծաղում էր նրա գնալուց հետո. նա պատմեց ինձ մի քանի հատկություններ Մըհեի բնավորությունից։
— Զարմանալի բնավորություն ունի այդ անասունը, նրան ասա «Մըհե, դու գիտես, որ այնինչ մարդուն պետք է սպանել», նա իսկույն կսպանե. նրան ասա՚ «Մըհե, դու գիտես, որ այնինչ մարդու երսին մի ապտակ պետք է տալ». նա իսկույն կկատարե քո կամքը. մի խոսքով, ամեն գործ պատրաստ է նա կատարել, երբ ասես «դու գիտես»։ Միայն գործը պետք է բավականին ծանր լինի և խոշոր, թեթև բանի համար գլուխ չունի Մըհեն։
Մարոն ավելցրուց, թե Մըհեն յուր ամսականը ստանալու միջոցին երբեք չէ կարող ընդունել արծաթի կամ ոսկի դրամներ, ասելով, թե նրանք շատ մանր են, և նա չէ սիրում թեթև դրամներ, այլ միշտ պահանջում է պղնձե մեծ դրամներ, թեև յուրաքանչյուր ոսկու փոխարեն կտային նրան մի-մի հատ պղինձ։ Այսուամենայնիվ, կիսախելագար Մըհեն շատ հավատարիմ էր և ուներ օտարոտի բարեսրտություններ։ Նա ծեծում էր իր կնոջը, երբ նա իր երեխային զարկել կամ լացացրել էր. ծեծում էր և երեխային, երբ մորը բարկացնում էր։ Բայց նա միակ մարդն էր, որ սիրում էր Հասոյի եզները այնպես, որպես նրանց տերը։ Այդ պատճառով Հասոն միշտ գոհ էր նրանից և փարախի լիակատար իշխանությունը տվել էր