Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հինգ, այլ տեղ քսան, երեսուն, քառասուն։ Շատ տեղերում աղան կես էր կիսում բերքը, մի մասն ինքն էր վերառնում, մյուս մասը տալիս էր գյուղացուն: Ոմանք աղաներից բերքի երեք քառորդ մասն իրանք էին ստանում, մի քառորդը միայն տալիս էին մշակին։ Ընտանի անասունների ամեն տեսակների համար հարկ էր վճարվում. հարկից ազատ էին միայն այն անասունները, որոնք գործում էին մշակության դաշտի մեջ, օրինակ, եզը, արու գոմեշը, որձ ձին. էգերը բոլորը հարկ էին վճարում։ Ազատ չէր հարկից ինքը մշակը, նա ավելի անբախտ էր, քան իր եզը։ Հարկեր վճարում էր և թռչունների համար. տասն հավ ունեցողը հինգ հատը տալիս էր աղային, նա պարտավոր էր ամեն տարի տալ և մի քանի տասնյակ ձվեր իր հավերի բերքից։ Տուրքերի տեսակներն այնքան շատ էին, որ երկար, շատ երկար կլիներ մի ըստ միոջե թվել. միայն այսքանը կասեմ, որ գյուղացու ամեն մի աշխատությունը, ամեն մի պարապմունքը, թե արհեստ, թե երկրագործություն, թե վաճառականություն, բոլորը, բոլորը ենթարկված էին հարկերի տակ։ Եվ հարկերի ծանրությունը կամ թեթևությունը զանազանվում էր այլևայլ տեղերում այն չափով, որքան տարբերվում էին միմյանցից աղաներն իրանց լավ կամ վատ հատկություններով։


Բացի հարկերից, ավելի անտանելի էին զանազան տեսակ մաքսերը: Յուրաքանչյուր բերք, որ ստացվում էր հողից, միևնույն երկրի մեջ վաճառվելու ժամանակ մաքս էր վճարվում։ Արհեստավորների ամեն մի արդյունաբերությունը, օրինակ ջուլհակի գործած կտավը, կոշկակարի կոշիկները, դարբնի ձեռագործը և այլն ազատ չէին մաքսերից։ Մաքս էին վճարում և զանազան գործարանները, որպիսիքն էին ներկարարության, կաշեգործության, չիթ շինելու. արաղ քաշելու, գինեգործության, ձիթահանության և այլն։


Բացի աղաների բաժինը, որ ստացվում էր մշակության բերքից, բացի հարկերից, որ վճարվում էր աղաներին, բացի մաքսերից, կային և արքունի տուրքեր, որ ստանում էին տերությունից գավառներում նշանակված կուսակալները։ Արքունի տուրքը կաոավարությնից որոշված էր ամեն մի գյուղի վրա նշանակյալ գումար։ Բայց կուսակալները, ուշադրություն չդարձնելով կառավարության կարգադրությանը, առնում էին որքան և ցանկանում էին։ Պատճառն ի՞նչ էր։ Կառավարությունը գավառների ամբողջ տուրքը տալիս էր կուսակալներին կապալով. կուսակալները իրանց կողմից գավառի այս և այն մասը, այս և այն գյուղը նույնպես կապալով տալիս էին ուրիշներին, և այսպես կապալառությունը ձեռքից ձեռք