բայց երբ կրկին ցամաքում է գետինը և հողը ետ է ստանում իր ուժը, այն ժամանակ կրկին բուսեցնում է բոլոր սերմերը, որ դրած էին նրա արգանդի մեջ։
Մեկը խորամանկ հարստահարող է, մյուսը մեծասիրտ ավազակ: Իսկ երկու դեպքումն ևս տանջվում է, սպառվում է անբախտ գյուղացու կյանքը...
Կարոն բացատրում էր ինձ այս բոլորը, ասում էր՝ թե գյուղացու վիճակը կարող է ավելի բարվոք լինել, եթե հասարակությունը ուրիշ ձևով կազմակերպված կլինի։ Նա ասում էր, թե այն ժամանակ չարություն չի լինի, բոլոր մարdիկը բարի կլինեն, ամենի ապրուստը ապահովված կլինի,— աղաների դարը կանցնե, կտիրե միայն արդարությունը և իրավունքը։ Նա երկար ու երկար մեկնում էր, թե ինչ ձևով պետք է հասարակությունը կազմակերպել, որ զորեղն անզորին չճնշե, որ մշակ մարդու աշխատության վաստակը չխլեն և նա միշտ իր տանը ուտելու հաց ունենա, և ամենի վրա տիրե հավասարությունը...
Կարոն ուրիշ շատ բաներ ասում էր ինձ, բայց ես հիմար էի, շատ հիմար, նրա խոսքերը իմ գլխումը չէին մտնում, ես ոչինչ չէի հասկանում և սկսում էի նրա մտքերի դեմ հակառակել։ Ես միայն ասում էի այս բոլորը աստուծո կամքովն է լինում, մարդը չէ կարող իր տիրոջ կամքին հակառակել, եթե աստված ուզենա, ինքը ժողովրդին հանգստություն կուղարկե, ինքը կուղղե նրա ճանապարհը: Երևի աստված չէ կամենում, որ ժողովուրդը իր անբախտ դրությունից դուրս գա, որովհետև այս նրա պատիժն է։
Կարոն շատ էր տխրում, երբ ես այսպիսի մտքեր էի հայտնում։ Բայց ես հետո հասկացա, որ նա իր դատողությունների մեջ ուղիղ էր։ Հասկացա, բայց խիստ ուշ...
ԻԵ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ
Բայց ի՞նչ էր, որ կապում էր հայերին մի այնպիսի երկրի հետ, ուր նրա կյանքը հանապազօրյա վտանգի մեջ էր, ուր նրա կայքը ապահովված չէր, ուր նրա ապրուստը խառն էր արյան ու քրտինքի մեջ, ուր նրա ընտանեկան սրբությունը արատավորվում էր, ուր նրա կրոնքը և ամեն ինչ, որ նվիրական էր նրա համար, սրբապղծվում