Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ էր, որ կապում էր հայերին այսպիսի երկրի հետ.— Հայրենիքի սերը։

Հայրենիքը լի էր անթիվ հիշատակարաններով, որոնք ասում էին հային՝ «դա քո երկիրն է, այստեղ էին ապրում քո նախնիքը, և այստեղ մեռան նրանք, դու էլ պետք է այստեղ մեռնես և քո ոսկերքը խառնես նրանց ոսկերքի հետ»։

Վանա բերդի պարսպաքարերի վրա և Վասպուրականի մեջ` բլուրների գագաթին՝ հայը տեսնում էր անթիվ արձանագրություններ, իրանց սեպաձև բևեռագրերով, որոնք հազարավոր տարիներ պատերազմելով ժամանակի հետ, պահել էին հայոց հին, շատ հին թագավորների հիշատակարանները։ Այն անբարբառ և խուլ նշանագրերի մեջ հայը կարդում էր իր վաղեմի մեծությունը։

Նույն երկրում հայը դեռ չէր մոռացել իր հին աստվածներին, որոնց հետ այնքան շատ դարեր ապրել էր նա միշտ հաշտ կերպով, որոնց նվիրել էր իր զոհերը, որոնցից խորհուրդներ և պատգամներ էր հարցրել իր գործերի մասին։

Դեռ Աստղիկը, Աշտիշատի գեղեցիկ դիցուհին, իր վաղեմի սովորության համեմատ, ամեն օր վաղ առավոտյան, լողանում էր Մուրադ գետի (Եփրատի) ալիքների մեջ։

Նույն ժամուն հայոց երիտասարդ դյուցազունները հավաքվում էին Տաղոնաց սարի գլխին, այնտեղից գաղտնագողի կերպով դիտելու գեղեցիկ աստվածուհու մարմինը։ Բայց Աստղիկը Մշու դաշտի ամբողջ երեսը և նրա լեռները պատում էր թանձր մշուշով, և անթափանցիկ օդեղեն վարագույրները անտեսանելի էին կացուցանում նրա լոգարանը անհամեստ աչքերից։ Դեռ Արշակա ծովակի մեջ բնակվում էին հայոց ջրային հավերժահարսունքը։ Եվ հայ պատանին, լի ախտաբորբոք կրքերով լուսնկա գիշերներում թափառում էր լճի ափերի մոտ «հրեղեն աղջիկներ» որսալու համար։ Դեռ հայոց ամենահին և ծերունի աստվածը — Արեգը — հրային-լուսափայլ ճաճանչներով, ամեն գիշեր հանգստանում էր Վանա ծովակի մեջ, որի հատակի վրա դրած էր նրա ոսկեղեն անկողինը։ Այնտեղ ջրային կույսեր իրանց գողտրիկ երգերով անուշցնում էին ցերեկվա հոգնած լուսատվի քունը։ Դեռ Լեղք կոչված բլուրի վրա ապրում էին Հարալեզ դիք, որոնք լիզելով կյանք էին շնորհում պատերազմի դաշտում ընկած հայոց քաջերին։

Այն երկրում, Հայոց ձորով անցնելու ժամանակ, հայը միշտ հիշում էր իր նախահոր — Հայկ դյուցազնի, այն մեծ հսկայի կռիվը տիտանների հետ։ Ցույց էր տալիս իր զավակներին Նամրութա