Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին խոսքերը Մարոն արտասանեց մի առանձին հպարտությամբ։Նա շարունակեց․

—Ախար, քրդերը ամենն այսպես են, հենց որ նրանցից վախենում ես, գլխիդ նստում են։ Մի անգամ ձեռքիդ ուժը ցույց տվեցիր, էլ մոտ չեն գա։ Այն օրից մեր հավերից և ոչ մեկը չի կորել։ է՜հ, ինչքան խոսեցի ես․․․ հիմա դու կասես՝ կոտրած ջաղացի պես չըխկչըխկում է․․․

—Չէ՛, ես այսպես չեմ ասի․ ես կասեմ՝ դու շատ լավ աղջիկ ես։

—Դրո՞ւստ։

—Քո արևը գիտենա։

—Բաս բե՛ր ականջիդ մի բան ասեմ։

Ես ականջս մոտ տարա նրա բերնին․ նա ինչ—որ փսփսաց, և ես զգացի, որ ջերմ շրթունքները կպան իմ երեսին․․․

Լ

ՔՐԴՈՒՀԻՆ ԵՎ ՀԱՅՈՒՀԻՆ

Առավոտյան ես զարթեցա խիստ վաղ։ Իմ սենյակի պատուհանից տեսա,— կովերը բակումը կանգնած էին, Մարոն կթում էր նրանց։ Նրա շապիկի թևքերը ծալած էին, և ձեռքերի բազուկները մինչև արմունկը մերկ էին։ Ի՜նչ գեղեցիկ էին այն լիքը, կլորիկ բազուկները։ Ես ագահ աչքերով մտիկ էի անում։ Գոգնոցը կապած չէր, և շապիկի օձիքի ճեղքից երբեմն դուրս էր նայում սիրուն կուրծքը։ Նա վարսակալի նման մի սև բան կապել էր բաց գլխին, և նրա տակից խիտ ծամերը փռփռում էին առավոտյան հովի հետ։ Մարոն երբեք չէր երևացել ինձ այնքան հրապուրիչ, որպես այն առավոտ։ Նա իր կարմիր շապիկի մեջ, որ իջնում էր մինչև ոտքերը, ներկայացնում էր հովվական կյանքի մարմնացած անմեղությունը։

Նա վերջացրեց իր գործը և սկսեց կովերը քշել դեպի նախիրը։

Խաթունը—ծերունի որսորդի տնակալուչ պառավը,— զբաղված էր թոնիր վառելով։ Հասոյի կինը, որսորդի հարսը, ծածկյալ ուրվականի նման, լուռ և մունջ պտըտում էր թոնրի շուրջը, պառավի զանազան պատվները կատարելով։ Այնքան ժամանակ ես չկարողացա