Մարոն ասաց, ինքը անհամբերությամբ սպասում էր, թե ինչ լուր կբերեմ ես Հասոյից, և այս ճանապարհով եկավ իմ առաջ լսելու եղբոր խոսքը։ Գյուլին նստած էր աղբյուրի մոտ հանգստանալու համար, հենց որ տեսավ իրան, դանակը հանեց և հարձակվեցավ։
— Բայց ինչո՞ւ է նա քեզ հետ թշնամացել,— հարցրի ես։
— Դա հին բան է, — պատասխանեց Մարոն, — մի տարի Գյուլիի հոր ցեղը եկավ մեր գյուղում ձմեռելու, Գյուլին մեր տան մոտն էր կենում։ Ամեն օր մենք տեսնում էինք, որ մեր հավերից մեկը պակասում էր, ո՞վ էր տանում, չէինք իմանում։ Հայրս ասաց, կարելի է աղվեսն է գողանում։ Ես մի օր նստեցի մարագի դռանը, հսկում էի, որ աղվեսը գա և նրան բռնեմ, հավերի վրեժն առնեմ։ Տեսնում եմ Գյուլին դևի պես հայտնվեցավ։ Նա կուզեկուզ մոտեցավ, մարագի դուռը բաց արավ։ Ես թաքնված էի, նա ինձ չտեսավ։ Ձայն չհանեցի, մինչև մտավ մարագը։ Հավերից երկուսը բռնեց, հենց որ դուրս էր գալիս, բռնեցի ծամերիցը, գցեցի գետին, խեղդում էի, բայց այդ միջոցին Մըհեն վրա հասավ, չթողեց։ Հիմա այն օրից ինձ հետ թշնամություն ունի։
— Դու այսօր էլ նրան կխեղդեիր, եթե ես վրա չհասնեի։ Բայց Գյուլիի պատմությունը մի անգամ էլ քեզանից լսած եմ։
— Բայց դու ոչ ոքին չասես այսօրվա անցքը, Ֆարհատ։
— Իսկ քո ձեռքի վե՞րքը։
— Ես կասեմ՝ ինքս վիրավորեցի, երբ դանակով սոխ էի կոտորում։
— Լավ։
— Դե՛, գնանք։
ԼԱ
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐ
Մարոյի ձեռքի վերքն այնքան թեթև չէր, որքան նա կամենում էր ցույց տալ. դանակը կտրել էր բթամատի պտղուցը կես եղունգի հետ։ Բայց նա դրա վրա ուշադրություն չէր դարձնում և ողջ օրը զբաղված էր ուխտագնացության պատրաստություններով։ Ես տեսնում էի, թե որպես նա մի ձեռքով հունցում էր խմորը նազուքներ և յուղով հացեր թխելու համար, որպես եռանդով պատրաստում էր մեղրալի հալվաները։