Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պառավ Խաթունը նույնպես ոչ սակավ զբաղմանց մեջ էր․ նա ինքը վազեց խունկ և մոմ գնելու գյուղի մանրավաճառից իր սեփական արծաթով, որ ետ էր գցել այսպիսի հոգեշահ բաների համար։ Նա աշխատում էր վերջացնել իր գործած գուլպաների երկրորդ ջուխտը, որ պատրաստել էր վանահորն ընծայելու, որպեսզի նա իրան հիշե իր աղոթքների մեջ։

Այդ բոլորը կատարվում էր խիստ ջերմ և բարեպաշտական ոգևորությամբ։

Տխուր էր միայն Մարգարիտը,— այդպես էր Հասոյի կնոջ անունը,— նա չէր կարողանում համբերել, որ Մարոն և Խաթունը ուխտ էին գնում, իսկ ինքը մնում էր։ Ինչո՞ւ չէին թողնում նրան, մի՞թե նա հոգի չուներ, մի՞թե նա չէր ուզում վանքի սրբությունները համբուրել։ Վերջապես նրան ևս պետք էր որսորդի փակված խրճիթից դուրս գալ և արձակ աշխարհ տեսնել։ Մարոն կապը կտրած հորթի նման, ուր որ ասես, գնում էր, բայց ինքը պետք է տանից դուրս չգա, նրա համար, որ Մարոն դեռ աղջիկ էր, իսկ ինքը՝ հարս… Երևի այսպես էր մտածում Մարգարիտը, երևի, այսպես էր բողոքում նրա լռության դատապարտված լեզուն իր սրտի խորքում։

Եվ իրավ, հայ ընտնիքի մեջ խիստ տարբեր էր հարսի և դեռ չամուսնացած աղջկա վիճակը։ Աղջիկը վայելում էր բավականին ազատություն։ Նա, ում հետ ուզում էր, խոսում էր․ նա կարող էր ոտքը շատ հեռու դուրս դնել հոր տան շեմքից, գնալ դրացիների տները, գնալ արտը, դաշտը, ուր որ ուզում էր ման գալ, իհարկե, պահպանելով համեստության բոլոր պատշաճը։ Նրա երեսը ծածկված չէր քողով, և լեզուն արձակ էր։ Իսկ այն օրից, երբ նա նշանվեցավ մեկի հետ, նա իր բոլոր հարաբերությունները կտրում էր դրսի աշխարհի հետ․ նա դառնում էր իր տղամարդի սեփականությունը․ նրա աշխարհը լինում էր ամուսնի տան չորս պատերը։ Նրա բերանը փակվում էր, ոչ ոքի հետ խոսելու իրավունք չուներ, նրա երեսը ծածկվում էր թանձր քողով, ոչ ոքին ցույց տալու իրավունք չուներ։ Նա ապրում էր իր ամուսնի համար, որպես նրա ծածկյալ և վարագուրված սրբությունը, որի ներսը նայելու օտար ոք կարող չէր։

Այս վիճակի մեջն էր գտնվում խեղճ Մարգարիտը։

Իր փակված դրությունը հարուցել էր նրա մեջ նախանձի նման մի բան դեպի ուրիշների ազատությունը, դեպի Մարոն, որ դեռ մանուկ աղջիկ էր, և դեպի պառավ Խաթունը, որ կյանքի համար