Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմարություններից... Եվ դու, քամի փչող ընկեր, լա՜վ տեղն ընկար, ինչպես մուկը մկնորսակի մեջ...

Ինձ պարզ հասկանալի էր, թե քեռի Պետրոսի հեգնական ակնարկություններն ումն էին վերաբերում։ Նա խոսում էր որսորդ Ավոյի և նրա հյուրերի՝ իմ ընկերների մասին։ Բայց ո՞րտեղից գիտեր նա, թե որսորդը կամ նրա խոսքով՝ «հին աղվեսը» գնացել էր եզիդիների իշխանի մոտ. այդ մի գաղտնիք էր, որ ես նույնպես չէի կարող իմանալ, եթե Կարոյի նամակն իմ ձեռքը չընկներ։ Եվ ո՞րտեղից հայտնի էր նրան, թե ծերունի որսորդի «ճտերը», այսինքն՝ Կարոն իր ընկերների հետ, գնացել էին զանազան կողմեր։ Եվ ի՞նչ կասկածավոր մի բան կար նրանց վարմունքի մեջ, որը, որպես երևում էր, ընդդեմ էր քեռի Պետրոսի համակրությանը։ Այս հարցերն ինձ համար բոլորովին հանելուկներ էին։ Այնուամենայնիվ, ինձ խիստ անհաճո երևեցավ քեռի Պետրոսի արհամարհական խոսքերն այն մարդկանց մասին, որոնց ես շատ պատվում էի։ Ես ուզեցի, որպես ասում են՝ նրա բերնի համը տալ, բայց այն միջոցին ներս մտավ վանքի աբեղաներից մեկը։ Դա Կարապետ հայր սուրբն էր, այն վարդապետը, որ այնպես անխիղճ կերպով անբախտացրել էր մղդսի Թորոսի հարսին, և երկու թշվառ զոհերի մահվան պատճառ էր դարձել...

Մարիամը և Մագթաղը վաղուց ինձ աչքով լուռ նշաններ էին անում, որ շուտ վերջացնեմ քեռի Պետրոսի հետ։ Նրանք շատ ուրախացան, որ աբեղայի հայտնվելն ընդհատեց մեր խոնակցությունը, և ես դուրս եկա վրանից։

— Դու էլի կգա՞ս մեր մոտ, Ֆարհատ,— հարցրուց քեռի Պետրոսը։

— Իհարկե,— պատասխանեցի ես։

— Լավ, գնա։

Աբեղան և քեռի Պետրոսը նստեցան միմյանց շատ մոտ և մեզ բոլորովին անլսելի ձայնով խոսում էին։

Մայրս նույնպես վրանից դուրս եկավ ինձ հետ։ Նա ասաց, թե շատ կցանկանար, որ ես նրա մոտ մնայի, բայց որովհետև ծերունի որսորդի ընտանիքը եկած են առանց տղամարդի, չէ ուզում ինձ բաժանել նրանցից, միայն ցանկանում է, որ ես գոնյա ցերեկներն անցուցանեմ նրա մոտ, իսկ գիշերները Մարոյի և Մարգարիտի մոտ մնամ, չիցե թե նրանց մի վտանգ պատահի որովհետև ուխտավորների մեջ շատ անկարգություններ էին լինում։