Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես էլ լսեցի,— պատասխանեց Մարոն: — Ասում են, բերել են վանքը, գցել են մեկ խուցի մեջ, դուռը փակել են, մյուս օրը գնացել են, դուռը բաց են արել, տեսել են ճգնավորը խափանվել է: Հիմա չեն իմանում արդյոք ճգնավո՞ր էր, թե սատանա:

— Մեղք է, այդպես չեն խոսի, Մարո,— ասաց Սոնան: — Սատանան ո՞րն է. ախար ճգնավորն էլ խափանվում է. տեսնում ես, աչքիդ առջև կանգնած է, մեկ էլ տեսար՝ էլ չկա:

— Ասում են, այստեղ մի այդպիսի վարդապետ կա, այնտեղ սարումը ճգնում է, որը երբեմն երևում է, իսկ երբեմն աներևույթ է լինում,— մեջ մտավ Սոնայի մորաքույրը:

— Գնանք տեսնենք,— ասաց Մարոն:

— Ես կվախենամ,— պատասխանեց Սոնան:

— Վա՜, ճգնավորն էլ մարդ է, խո դև չէ, ինչո՞ւ ես վախենում,— ասաց Մարոն:

— Ես մեր Ստեփանիցն էլ վախեցա, հենց որ տեսա` նա նստած էր «խեղճերի» մեջ:

Քույրը վախենում էր եղբորից, որոնք միասին մեծացել էին, որոնք հազար անգամ համբուրվել էին. վախենում էր, որովհետև եղբայրն այժմ գտնվում էր այն հասարակության մեջ, որոնք ոգիների հետ հաղորդակցություն ունեին...

Ուխտավորների բազմությունը հետզհետե ամբոխվում էր վանքի մեջ. տեղի նեղությունից արձակ շարժմունք գործել անկարելի էր. մարդ դժվարանում էր ազատ շունչ քաշել: Աբեղաների ահագին խումբը իրանց աղաղակներով, խրատներով և մինչև անգամ հայհոյանքներով, չէին կարողանում կարգ պահպանել բազմության մեջ: Խռովությունը գնալով սաստկանում էր: Ես առաջարկեցի մերայիններին դուրս գնալ. սկսեցինք զոռով պատառել ամբոխը, մինչև կարողացանք հասնել վանքի դռանը: Նույն միջոցին Սոնան թեքվեցավ դեպի ինձ և խուլ կերպով ասաց` «արևը մտնելեն հետո ե՛կ «Կաթնաղբյուրի» մոտ»…

ԼԶ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱԲԵՂԱՆ

«Կաթնաղբյուրի՜» մոտ...: Հիմա ես հասկանում եմ թե ի՛նչու Սոնան այնտեղ նշանակեց տեսության համար: «Կաթնաղբյուրն» այն աղբյուրներից էր, որոնք ժողովրդի մեջ վայելում են սրբազան