Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի ես,— բայց Մարոն, կիսավայրենի Մարոն խլեց այն սիրտը, որ պատկանում էր Սոնային»...

Իմ մտածությունները ընդհատեց մի մարդ, որ ձորի միջով գալով, ինձ երևաց, թե ուղիղ դիմում էր դեպի քարանձավը։ Նա ոտքից գլուխ հագած ուներ սև զգեստ կոշտ մազե շալերից» նրա բոլոր կերպարանքից հայտնի էր, թե անապատական աբեղա պետք է լինի: Նա ընթանում էր հանդարտ և հաստատուն քայլերով, և մեղմ ձայնով եղանակելով մի տխուր մեղեդի:

Ես իսկույն վազեցի դեպի նրա կողմը և առաջը կտրեցի, ասելով.

— Հեռվից անցեք, չմոտենաք քարանձավին, այնտեղ լողանում է մի օրիորդ, որ իմ ազգականն է։

— Ես դեպի այս կողմն եմ գնում,— պատասխանեց աբեղան, ցույց տալով ծովակը, և մի քննողական հայացք ձգելով իմ երեսին, անցավ։

Բայց ի՞նչ խորհրդական մարդ էր դա. ես մտածում էի, անտարակույս նույն լեռների մեջ առանձնացած ճգնավորներից մեկը պետք է լիներ։ Երբ ավելի հեռացավ, նա փոխեց երգի եղանակը. այժմ նրա ձայնը լսելի էր լինում ավելի բարձր հնչյուններով։ Ես բոլորովին զարմացա, այն մի հոգևոր մեղեդի չէր, այնպիսի երգեր միայն կարելի է լսել Արաբիայի դաշտերում, երբ բեդվինը միայնակ անցնում է անապատի միջով։

Նույն միջոցին ինձ զարմացրուց մի այլ երևույթ ևս. ես տեսա, որ կախարդ Սուսանը իր փոքրիկ վհուկ ընկերի հետ դուրս վազեցին թփերի միջից և միացան աբեղայի հետ։ Աբեղան գրկեց Հյուբրիին, համբուրեց և ապա միասին անհետացան բլուրների հետքում։

Ի՞նչ գաղտնիք էր այդ. ի՞նչ գործ ուներ աբեղան կախարդ պառավի հետ օրվա մի այնպիսի տարաժամ պահուն։ Նրա երգն անգամ որպես ես հասկացա, իր խորհրդական հնչյունների մեջ ուներ մի ծածուկ նշանակություն, որ դուրս կանչեց կախարդիս իր թաքստյան տեղից։ Եվ ի՞նչ լեզվի երգ էր այն։

Այս մտածություններն ինձ այն աստիճան զբաղեցրել էիս, որ ես ամենևին չէի նկատել, թե արևը վաղուց մայր էր մտել և ձորի մեջ մութը բավականին թանձրացել էր, իսկ Սոնան հագնված, դուրս էր եկել քարանձավից։

Երբ ես մոտենում էի նրան, իմ գլխում պտտվում էին խիստ քաղցր ցանկություններ. ես հույս ունեի, թե Սոնան ինձ կգրկե,