համար։ Մարդկային կյանքի մեջ ոչ մի երևույթ՝ առանց նույն հասարակությանը հատուկ պատճառների՝ երևան չէ գալիս։ Վեր առնենք մի ավազակ, մի մարդասպան, մի ստրուկ և քննենք նրանց կյանքի պատմությունը, կտեսնենք, որ նրանց կյանքն այնպիսի պայմանների մեջ է դրված եղել, որ ավազակը պետք է ավազակ լիներ, մարդասպանը՝ մարդասպան և ստրուկը՝ ստրուկ։ Փոխի՛ր Նրանց կյանքի պայմանները, և դու կտեսնես, որ նրանք օրինավոր մարդիկ կդառնան։ Եվ այսպես, մենք միայն պիտի ցավենք, որ մեր մեջ հայտնվում են անպիտան մարդիկ, բայց դատապարտել նրանց չենք կարող, որովհետև մեր հասարակությունը իր փտած կազմակերպությամբ ինքն է ծնել այն մարզիկներին։ Եվ եթե մենք ցանկանում ենք, որ չարագործությունը բառնանք, պետք աշխատենք նախ ուղղել հասարակության վատ կազմակերպությունը, և այն ժամանակ նրա անդամները բոլորը լավ մարդիկ կլինեն։
— Ես ձեր ասածները չեմ հասկանում,— պատասխանեց Մարոն,— թե ինչու մարդիկ այսպես կամ այնպես են լինում։ Ես դիտեմ միայն, որ պետք է օձի գլուխը ջարդել, երբ տեսնում ես, որ նա պատրաստվել է քեզ խայթելու։ Ես երդվել եմ սատկեցնել քեռի Պետրոսին նրա համար, որ նա իմ հոր թշնամին է, և այս դիտավորությունը արդեն հայտնել էի Ֆարհատին։
— Քո նպատակը շատ մասնավոր է,— ասաց Ասլանը,— դրանով շատ չես օգնի «ընդհանուր գործին» Եթե այստեղ լիներ մեր ընկեր Կարենը, նա գուցե կհամաձայնվեր քեզ հետ, բայց ես համարում եմ որ այդ մանուկ սրտի բորբոքում և ավելի ոչինչ։
Առժամանակյա մտածությունից հետո նա դարձյալ խոսեց.
— Եթե օձը մի հատ լիներ, որպես դու ասացիր, պետք էր նրա գլուխը ջարդել, այսպիսով մենք ազատված կլինեինք գոնե մի չարագործից․ բայց դժբախտաբար նրանց թիվը շատ է։ Ես եղել եմ Ասիական Տաճկաստանում, Կոստանդնուպոլսում , Եգիպտոսում, մի խոսքով ամեն տեղ, ուր կան հայեր։ Ես բավականաչափ ուսումնասիրած եմ մեր ազգի թե ներկա և թե անցյալ կյանքը։ Ես տեսել եմ, որ սկսած ամենաստոր քուրդ իշխանի դռնից, սկսած նահանգական կուսակալ փաշաների դռնից, մինչև վեզիրների դռները, մինչև սուլթանի բարձրագույն դուռը, բոլորը բռնված են քեռի պետրոսներով։ Եվ որքան մեծ անձի մոտ է նրանց ծառայությունը, այնքան մեծ է և նրանց վնասակարությունը։ Նրանք բոլորն էլ շատ