— Հայ դրամատերերի այս տեսակ «հավատարմությունը» մի կողմից առիթ տվեց նրանց իրանց գործունեություն նվիրել կառավարության պիտույքներին, մյուս կողմից, զրկեց նրանց մի ավելի հաստատուն և ընդարձակ ասպարեզից, այն է՝ արդար և խղճմտանքով վաճառականությունը։— Այս ասպարեզը մնաց հույներին։— «Հույնը անհավատարիմ է», ասում է թուրքը, և նրա վրա վստահություն չունի, նրան գործ չէ հանձնում։ Դա իրավ է։ Որովհետև հույնը այնքան մեծամիտ է, որ նա չէր կարող հայի պես իրան այնքան ստորացնել, որ կարող լիներ հաշտվել իր ատելի թշնամու հետ,— իր երկիրը տիրողի և իր ազգակիցներին ստրկացնողի հետ։ Այս պատճառով հույն դրամատերերը չուզեցին ամիրաներ, սառաֆներ և տերության կապալառուներ դառնալ․ նրանք ձեռք առին ազատ վաճառականությունը, սկսեցին երկրի արդյունաբերությունը դուրս հանել և դրսից ներս բերել։ Եվ ահա այսօրվա օրում Տաճկաստանի ընդարձակ վաճառականությունը նրանց ծեռքումն է։
— Բայց հայերը բոլորովին զուրկ չեն վաճառականությունից,— կտրեցի ես Ասլանի խոսքը։
— Այն քո տեսածը վաճառականություն չէ,— պատասխանեց նա,— այն մի տեսակ վաշխառություն է, որով պարապվում են հրեաները։ Վեր առնենք, օրինակ, Վանա նահանգը, որը ձեզ փոքր ի շատե ծանոթ է, քննելով այստեղի վաճառականների գործունեությունը, դուք կտեսնեք միևնույնը, ինչ որ անում են մայրաքաղաքներում մեր խոշոր դրամատերերը։ Զանազանությունը միայն նրանումն է, որ դրանք մանր հարստահարողներ են, այլ խոսքով, փոքրիկ ավազակներ են, իսկ նրանք — մեծ։ Մեր գյուղացիները միշտ փողի կարոտություն ունեն հարկեր վճարելու համար և այլ կենսական պահանջների համար։ Փողը նրանք ստանում են վաճառականից, իհարկե, ծանր տոկոսներ վճարելով։ Գյուղացիները նույնպես պարտքով գնում են վաճառականից իրանց տան, հագուստի և այլ հարկավորությանց վերաբերյալ իրեղենները։ Գալիս է պարտքը վճարել․ ժամանակը, գյուղացին փող չունի որ տա, վաճառականը հափշտակում է նրա բոլոր երկրագործական արդյունքը կես գնով։ Այսպիսի ավազակները կցանկանա՞ն, որ գյուղացու վիճակը բարվոքվի, կցանկանա՞ն, որ նա փողի կարոտություն չունենա։ Ավելացնենք դրա վրա քրդի, թուրքի, տերության հարկահանների հարստահարությունները, — խեղճ գյուղացին ինչո՞վ կարող է այս բոլորին բավականութչուն տալ։ Նրա երկրագործությունը դեռ