Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր նահապետական ձևի մեջն է, ավելի արդյունք չէ տալիս։ Նա արհեստ չգիտե, որ իր ձեռքի արդյունաբերությունը մշակված կերպով վաճառահանե դեպի օտար երկրներ։ Այլևս ինչով կարող է Նա իր ընտանիքը պահել, երբ իր աշխատության այն փոքրիկ վաստակն ևս ձեոքիցը խլում են։ Ահա այստեղից է ծագում այն տխուր երևույթը, որ մեր ժողովուրդը հայրենի հողի վրա իր ապրուստը ճարելու հնարներ չունի։ Նրա աշխատության արդյունքը նրա ձեռքից խլում են. նա մնում է միշտ աղքատ և միշտ առանց հացի, և այդ պատճառով ստիպված է թողնել հայրենի հողը և օտար երկրներում բախտ որոնել։ Եվ քանի՜ հազար թշվառ ընտանիքներ այժմ մնացել են առանց տղամարդների. միայն Կոստանդնուպոսում այժմ 40 հազար հայ պանդուխտներ կան, և նրանց մեծ մասը վանեցիներ են։ Ի՞նչ անե խեղճ գյուղացին, որ չգաղթե։ Թողյալ այն, որ նրան կողոպտում է թուրքը, քուրդը և տերության պաշտոնյան,— նույնիսկ իր արյունակիցը, իր կրոնակից հայը նրա կյանքի զորությունը ծծում է, նրան խեղճության և թշվառության մեջ է գցում։ Տաճկաստաանի բոլոր քաղաքները լցված են հայ մշակներով կամ հայ համալներով.— բայց դրանք մեր երկրի գլխավոր ուժերն են, որ մաշվում են և ոչնչանում են պանդխտության մեջ։

— Դուք տեսաք,—շարունակեց նա,— որ հայ դրամատերերը, հայ վաճառականը՝ մեր հասարակության բոլորովին ավերված և վնասակար մասն է. նրանցից մենք ոչինչ բարիք չենք սպասում։ Նրանք պաշտում են իրանց քսակը և ավելի ոչինչ։ Վաճառականը ազգ և հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, որտեղ են նրա շահերը։ Եվ այս տեսակ վաճառականությունը (եթե կարելի է վաճառականություն կոչել) ավելի վտանգավոր է դառնում, երբ նա ներքին կապ ունի կառավարության պաշտոնակալների և նրանց անիրավ գործունեության հետ։ Դուք շատ անգամ և շատ տեղ տեսած եք այս բանը․ օրինակ, գյուղացին պատրաստի արծաթ չունի և հարկի փոխարեն տալիս է իր արդյունաբերած նյութի մի մասը, հարկահանը չէ ընդունում, և ոչ ժամանակ է տայիս Նրան, որ կանոնավոր կերպով վաճառե և հարկը լրացնե։ Դուք տեսնում եք, որ իսկույն հայտնվում է հայ վաճառականը, և օգուտ քաղելով գյուղացու նեղ դրությունից, խոստանում է հարկահանի փողը տալ, և խիստ չնշին գնով առնում է գյուղացու դառն աշխատության պտուղը։ Հիմա տեսնո՞ւմ եք, դրանք բոլորն էլ քեռի պետրոսներ են, միայն զանազան կերպարանքներով... — Քեռի պետրոսներին միշտ ձեռնտու է միանալ քուրդ իշխանների հետ և դավադրություն մեքենայել մեր դեմ..․